Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղում երեկ կայացած նախագահական ընտրություններում նախնական արդյունքներով պարտված թեկնածուներից Մասիս Մայիլյանը այսօր հայտարարեց, որ «օրինական ընտրված նախագահ» է համարում Բակո Սահակյանին:

«Երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պաշտոնապես կհայտարարի նախնական տվյալները, ես անպայման կշնորհավորեմ հաղթած թեկնածուին», - այսօր Ստեփանակերտում հայտարարեց Մայիլյանը` ավելացնելով. - «Բակո Սահակյանին համարում եմ օրինական ընտրված նախագահ: Հարգում եմ ժողովրդի կատարած ընտրությունը»:

«Իհարկե, սա մեր ժողովրդի կատարած քվեարկությունն է», - շարունակեց նա: - «Կեղծիքներ եթե անգամ եղել են, ստացած քվեները, մեծ մասամբ, տված է ճիշտ, եւ մարդիկ գնացել են իրենք են դա արել: Սա է կարեւորը: Մենք կարող ենք ասել, որ մթնոլորտը այնքան էլ ազատ չի եղել, բայց որ մարդիկ գնացել են եւ քվե են տվել, դա միանշանակ է, եւ մեծամասնությունը ձայն է տվել Բակո Սահակյանին»:

«Մեր թիմը իրենից կախված ամեն ինչ արել է մեր քաղաքացիներին իրական ընտրության տալու եւ ընտրությունները օրինականության շրջանակներում անցկացնելու համար», - ասված է Մայիլյանի` ասուլիսի ընթացքում հրապարակած հայտարարությունում:

Ինքը` Բակո Սահակյանը, առայժմ ձեռնպահ է մնում մեկնաբանություններից: «Ազատություն» ռադիոկայանին նա ընդամենը ասաց, որ ընդունում է Մասիս Մայիլյանի «օրինական պարտությունը»:


Կարինե Քալանթարյան, Ստեփանակերտ

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG