Մատչելիության հղումներ

Փիթեր Սեմնեբի. «Եվրամիությունը մտադիր է աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը»


Եվրամիությունը մտադիր է աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը` գործադրելով կողմերի միջեւ վստահության վերականգնմանն ուղղված ջանքեր: Այդ մասին այսօր Բաքվում հայտարարել է Հարավային Կովկասում Եվրամության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին` տեղեկացնելով, որ տվյալ հարցը քննարկվել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ իր հանդիպման ժամանակ:

«Այս ուղղությամբ անելու շատ բան կա», - APA գործակալության փոխանցմամբ` ասել է Սեմնեբին եւ հավելել. - «Փոխադարձ վստահության ամրապնդմանն ուղղված քայլերը նախատեսված են Ադրբեջանի եւ Հայաստանի հետ Եվրամիության գործողությունների ծրագրով»:

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչը «անչափ հուսադրող» է որակել հայ եւ ադրբեջանցի մտավորականների խմբի այցը Lեռնային Ղարաբաղ: «Դա հսկայական քայլ է դեպի խաղաղություն, հուսով եմ, որ նման օրինակներ էլի կլինեն», - շեշտել է նա:

Հունիսի 28-ին երկու երկրների մտավորականների խումբը՝ Ռուսաստանում Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպաններ Արմեն Սմբատյանի եւ Փոլադ Բյուլբյուլօղլիի նախաձեռնությամբ, այցելել էր Երեւան, Բաքու եւ Ստեփանակերտ եւ հանդիպել երեք երկրների նախագահների հետ:

Փիթեր Սեմնեբին հաստատել է, որ մտադիր է այցելել Lեռնային Ղարաբաղ, սակայն դժվարացել է հստակ ժամկետներ նշել:

Հարավային Կովկասի երկրների հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչը վերջին անգամ Հայաստանում եղել է այս տարվա հունիսի կեսերին: Երեւանից Սեմնեբին պետք է ուղեւորվեր Ստեփանակերտ, սակայն կեսճանապարհին փոխել էր երթուղին եւ վերադարձել Երեւան:


Ռուբեն Մելոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG