Մատչելիության հղումներ

Ռուդոլֆ Փերինա. «Միացյալ Նահանգները չի ճանաչել Ղարաբաղը, հետեւաբար` չի ճանաչում այնտեղ անցկացված ընտրությունները»


«Աշխարհի ոչ մի երկիր, այդ թվում նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգները, Լեռնային Ղարաբաղը չի ճանաչել իբրեւ անկախ պետություն: Հետեւաբար, մենք չենք ճանաչում նաեւ այդ ընտրությունները», - հայտարարեց Հայաստանում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Ռուդոլֆ Փերինան` «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում անդրադառնալով Ղարաբաղում երեկ անցկացված նախագահական ընտրություններին:

«Այդ իսկ պատճառով մենք պաշտոնապես դիտորդներ չենք ուղարկել, ու նաեւ գնահատական չենք տվել այդ ընտրություններին», - նշեց ամերիկացի դիվանագետը` հավելելով. - «Բայց մենք հույս ունենք, որ այդ ընտրությունները որեւէ կերպ չեն խոչընդոտի ընթացող բանակցություններին, եւ հույս ունենք, որ այդ բանակցությունները կշարունակվեն նորմալ ընթանալ»:

Ռուդոլֆ Փերինան 2001-2004 թվականներին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահն էր: Այն հարցին, թե արդյոք կապ կա՞ Հայաստանում ժամանակավոր հավատարմատար իր նշանակվելու եւ հակամարտության կարգավորման գործընթացի միջեւ, եւ արդյո՞ք ԱՄՆ-ը ցանկանում է արագացնել խնդրի կարգավորումը`ակնկալելով, որ հակամարտությանը ծանոթ դիվանագետը իր փորձառությամբ կարող է նպաստել դրան, նա պատասխանեց. - «Ես եղել եմ համանախագահ, բայց հիմա դրանով չեմ զբաղվում, եւ այդ կարգավիճակով չէ, որ վերադարձել եմ Հայաստան: Գուցե այս պաշտոնում իմ նշանակման հարցում որոշակի դեր է ունեցել այն հանգամանքը, որ որպես համանախագահ բազմիցս այցելել եմ Հայաստան, ճանաչում եմ երկրի ղեկավարներին, բայց հիմա մենք ունենք այլ համանախագահ, ով ակտիվորեն մասնակցում է բանակցություններին»:

«Թեեւ ես ուղղակիորեն չեմ մասնակցում բանակցություններին, բայց ցանկանում եմ վստահեցնել ձեզ, որ ղարաբաղյան խնդրի կարգավորումը Միացյալ Նահանգների համար առաջնահերթություն է, քանի որ մենք տեսնում ենք, որ սա շատ կարեւոր է Հայաստանի, Ադրբեջանի եւ այս տարածաշրջանի կայունության համար», - հավելեց Ռուդոլֆ Փերինան: - «Մենք անցյալում այս ուղղությամբ շատ ակտիվորեն աշխատել ենք, եւ համոզված եղեք, որ Միացյալ Նահանգները շարունակելու է աջակցել խնդրի կարգավորման հարցում նաեւ ապագայում»:

Դիտարկմանը, թե 2008-ին Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններում, ըստ ընդդիմադիրների, իշխանությունները ամեն ինչ անելու են վերարտադրվելու համար, եւ հարցին, թե ինչպիսի՞ն կլինեն հետեւանքները Հայաստանի համար, եթե այդ ընտրությունները անցնեն կեղծիքներով, Փերինան արձագանքեց. - «Ես չեմ ցանկանում ենթադրություններ անել, բայց մենք, ինչպեսեւ մյուս երկրները, կարեւոր ենք համարում, որ Հայաստանում ընտրությունները լինեն ազատ, արդար եւ համապատասխանեն միջազգային չափանիշներին: Մենք գիտենք, որ անցյալում այստեղ ընտրությունների հետ կապված խնդիրներ եղել են. օրինակ` 2003-ի ընտրությունները, որոնք չեն համապատասխանել միջազգային չափանիշներին: Սակայն վերջին խորհրդարանական ընտրությունները, ըստ միջազգային դիտորդների, զգալի առաջընթաց են գրանցել: Եվ մենք հույս ունենք, որ նախագահական ընտրությունները է’լ ավելի լավ կանցկացվեն»:

«Ես կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունները գիտակցում են, որ շատ կարեւոր է, որ այդ ընտրությունները ընկալվեն որպես արժանահավատ եւ հաջողված», - հավելեց նա: - «Մենք հույս ունենք, որ առաջիկա նախագահական ընտրությունները կլինեն ամենալավ ընտրությունները, որ երբեւէ ունեցել է Հայաստանը»:

Հարցին, թե արդյո՞ք Հայաստանը քաղբանտարկյալների խնդիր ունի, ամերիկացի դիվանագետը պատասխանեց. - «Ես չեմ ցանկանում որեւէ մեկնաբանություն անել այս կամ այն դատական գործի կապակցությամբ: Մենք չունենք մանրամասներ, որպեսզի ի վիճակի լինեմ մեկնաբանություն անել: Բայց, անշուշտ, Ալեքսանդր Արզումանյանի [փողերի լվացման մեղադրանքով կալանավորված նախկին արտգործնախարարը] դեպքը իսկապես շատ նուրբ հարց է, եւ Հայաստանի իշխանությունները դա նույնպես գիտեն: Մենք այդ հարցը քննարկել ենք Հայաստանի իշխանությունների, ինչպես նաեւ Արզումանյանի կնոջ եւ ընտանիքի հետ: Մենք կարծում ենք, որ ամենակարեւորն այն է, որ դատական գործընթացը իրականացվի այնպես, որ այն թափանցիկ ու արդար ընկալվի, եւ այնպիսի լուծում լինի, որ այն արդարացի համարեն բոլոր կողմերը»:

Խոսելով «Ազատություն» ռադիոկայանի` Հանրային ռադիոյով հեռարձակվելուն վերաբերող հարցի մասին, Հայաստանում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր համավատարմատարը ասաց. - «Մենք բարձրացրել ենք այդ խնդիրը Հայաստանի իշխանությունների առջեւ, եւ բարձր մակարդակներում մեզ հավաստիացրել են, որ սա պայմանագրային հարաբերություններին վերաբերող տեխնիկական հարց է, որը կարող է բանակցությունների միջոցով կարգավորվել... Այդ բանակցությունները շարունակվում են, եւ մեզ հավաստիացրել են, որ քանի դեռ դրանք ընթացքի մեջ են, «Ազատություն» ռադիոկայանը շարունակելու է հեռարձակվել»:

Հարցին, թե, այնուամենայնիվ, եթե հեռարձակումը դադարեցվի, Փերինան պատասխանեց. - «Ես չեմ ուզում ենթադրություններ անել, բայց, կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունները հասկանում եմ, որ եթե «Ազատություն» ռադիոկայանի հաղորդումների հեռարձակումը դադարեցվի ակնհայտ քաղաքական նկատառումներով, ապա Արեւմունքում, ինչպես նաեւ ԱՄՆ-ում Հայաստանի բարեկամների համար շատ դժվար կլինի դա հասկանալը»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG