Մատչելիության հղումներ

Իրանի գազային եւ նավթային ոլորտում ներդրումներ անելու համար ճիշտ պահ չէ: Այսպես է մեկնաբանել ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակ Շոն ՄըքՔորմաքը անցած շաբաթ Թուրքիայի եւ Իրանի էներգետիկայի նախարարների կնքած համաձայնագիրը, որով Թուրքիան Իրանից տարեկան 30 միլիոն խորանարդ մետր գազ է ստանալու:

«Եթե մեզ հարցնեք` արդյոք սա ճի՞շտ պահ է Իրանի գազային եւ նավթային ոլորտում ներդրումներ անելու համար, ապա մեր պատասխանը հստակ է` ոչ, ճիշտ պահ չէ», - հայտարարել է ՄըքՔորմաքը:

Ի պատասխան` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, թե իրանական գազի ներկրումը Թուրքիայի համար հրապուրիչ առաջարկ էր, եւ Անկարան «պարտավոր չէ նման գործարքներ կնքելուց առաջ թույլտվություն ստանալ Վաշինգտոնից»:

Թուրք պաշտոնյաները նաեւ պնդում են, որ բնական ռեսուրսներ չունեցող երկիրը չի կարող ընտրովի վերաբերվել էներգակիրների աղբյուրներին:

Թուրքական «Բիլքենթ» համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ Սեյֆի Թաշհանը շեշտել է. - «Մեր երկիրը զուրկ է էներգակիրների տեղական աղբյուրներից, ուստի մենք այն իրավիճակում չենք, որ ընտրենք` այս երկրից էներգակիրներ ներկրելու ենք, մյուսից չենք ներկրելու: Մեր երկրի համար էներգիայի ցանկացած մատակարար ընդունելի է»:

Բացի էներգակիրների ներկրումից, Թուրքիան ակնկալում է դառնալ դեպի Բալկաններ գազի արտահանման հիմնական տարանցիկ ուղի: Թուրքիայի ու Իրանի էներգետիկայի նախարարների կնքած համաձայնագիրը նախատեսում է նաեւ երկու խողովակաշարերի կառուցում, որոնցով դեպի Թուրքիա կարտահանվի թուրքմենական գազի զգալի մասը:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG