Մատչելիության հղումներ

Նախնական տվյալներով` Լեռնային Ղարաբաղի նախագահ է ընտրվել Բակո Սահակյանը


Լեռնային Ղարաբաղում երեկ անցկացված նախագահական ընտրությունների նախնական տվյալներով, հաղթել է չճանաչված հանրապետության Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Բակո Սահակյանը` ստանալով կողմ քվեարկած ձայների 85,4 տոկոսը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Ղարաբաղի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Նասիբյանը:

Փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը ստացել է ձայների 12,2 տոկոսը, իսկ մնացած երեք թեկնածուներից յուրաքանչյուրի օգտին տրված ձայները 1000-ից պակաս են:

Քվեաթերթիկները արդեն գրեթե ամբողջությամբ ամփոփված են: Նախնական տվյալներով, ընտրություններին մասնակցել են 71 հազար 285 ընտրող կամ ընտրողների ընդհանուր թվի մոտ 77 տոկոսը:

Երեկվա դրությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին դիմում-բողոքների հիմնական մասը ներկայացրել էր Մայիլյանի շտաբը` 19 դիմում-բողոք: Սերգեյ Նասիբյանը երեկ կեսգիշերին մոտ լրագրողներին հայտնեց, որ դրանց կեսից ավելին չեն համապատասխանում իրականությանը, իսկ մի շարք խախտումներ էլ ահազանգերն ստանալուն պես կանխվել են:

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, մասնավորապես, իրականությանը չեն համապատասխանել քվեատուփերի լցոնումների մասին դիմում-բողոքները: Մայիլյանի շտաբից ստացված փաստերից հաստատվել են ուրիշի փոխարեն քվեարկության փորձերի, տեղամասերում քարոզչության դեպքեր, որոնք, Նասիբյանի հավաստմամբ, ժամանակին կանխվել են:

Քվեարկության ավարտից կես ժամ առաջ Բակո Սահակյանի շտաբից էլ մեկ դիմում-բողոք է ներկայացվել` 9 կետից բաղկացած, որում նշված փաստերը վերաբերում էին քարոզչության ընթացքում Մայիլյանի շտաբի կողմից թույլ տրված խախտումներին: Բուն քվեարկության վերաբերյալ որեւէ խախտում Սահակյանի շտաբը չի արձանագրել:


Կարինե Քալանթարյան, Ստեփանակերտ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG