Մատչելիության հղումներ

Կառավարության այսօրվա նիստից հետո Ճանապարհային ոստիկանության պետ Իշխան Իշխանյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ շուտով այսպես կոչվող «գոլդ» պետհամարանիշները կվաճառվեն աճուրդով:

Նոր մեքենա գնելիս, մարդիկ վճարում են 12 հազար դրամ պետական տուրքը եւ ստանում ավտոմեքենայի պետական հերթական համարը: Սակայն շատերը, ովքեր հատուկ կապվածություն ունեն այս կամ այն թվի հետ, ինչ-որ կերպ հայթայթում են առանձնահատուկ համարներ:

Նման կարգը չի բավարարել կառավարությանը, ուստի «լավ» համարները այսուհետ կարելի կլինի գնել օրինական վճարումներ կատարելով:

«Եթե ցանկանում եք ստանալ որոշակի թվերի համադրությամբ պետհամարանիշ, ապա շատ հնարավոր է, որ դուք ցանկություն ունենաք ստանալու 60 հազար դրամի կարգի պետհամարանիշ», - պարզաբանեց Իշխանյանը` շարունակելով. - «Իսկ ինչ վերաբերում է աճուրդի ենթակա պետհամարանիշներին, ապա ինտերնետային սայթով, զանգվածային լրատվամիջոցներով քաղաքացիներին մենք կիրազեկենք, թե ինչ կարգի պետհամարանիշներ ենք դնում աճուրդի: Գնելուց հետո քաղաքացին իրավունք ունի աճուրդով գնված պետհամարանիշը, մուծելով պետական տուրքը` 12 հազար դրամ, դնել իր հաջորդ, նոր գնված մեքենայի վրա: Բայց ժառանգելու, ուրիշի փոխանցելու իրավունք չի ունենալու»:

Թվային լավագույն համադրություններով պետհամարանիշների մեկնարկային գները բավականին բարձր են. - «Ես կարծում եմ, որ մեկնարկային գինը [մեկ] միլիոն 200 հազար է: Եվ կարող են շատ անկանխատեսելի թվեր լինել»:

Նույն թվերի համադրությամբ կարող է գոյություն ունենալ 16 հատ պետհամարանիշ, որոնք միմյանցից կտարբերվեն համարանիշի տառերի համադրությամբ, եւ եթե նույն մարդը որոշի գնել բոլոր 16 համարները, ապա դա կարող է արժենալ 1 միլիոն 200 հազարից շատ ավելի թանկ:

«Ինչքան շատ, այնքան ճանապարհային ոստիկանությունը հնարավորություն կունենա բարեփոխվելու եւ տեխնիկապես զարգանալու», - եզրափակեց Իշխան Իշխանյանը: - «Ամեն ինչ պետք է անենք, որպեսզի թանկ վաճառվի»:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG