Մատչելիության հղումներ

Թուրքիայի դատախազությունը մեղադրանք է առաջադրել Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով 19-րդ կասկածյալին:

Ինչպես տեղեկացնում է «Ֆրանսպրես»-ը` վկայակոչելով իր հայթայթած փաստաթղթերը, Քոսկուն Իգչին, ով Դինքի սպանության կազմակերպիչներից Յասին Հայալի ազգականն է, մեղադրվում է ապօրինի կազմակերպության անդամակցելու եւ սպանությանը օժանդակելու համար:

Համաձայն մեղադրականի, Հայալը տեղեկացրել է Իգչիին Հրանտ Դինքին սպանելու իր ծրագրերի մասին եւ նրա օգնությունն է խնդրել ատրճանակ ձեռք բերելու հարցում:

Քոսկուն Իգչին, սակայն, պնդում է, թե ազգականի ծրագրերի մասին տեղյակ է պահել տեղի կիսառազմականացված ոստիկանությանը:

Դատախազությունը պահանջել է Իգչիի գործը կցել Դինքի սպանության գործով անցնող մյուս 18-ի դատավարության նյութերին:

«Անատոլիա» լրատվական գործակալության վկայությամբ, մեղավոր ճանաչվելու դեպքում Իգչիին սպառնում է 22-ից մինչեւ 35 տարվա ազատազրկում:

«Ակոս» թերթի խմբագրապետը սպանվել է այս տարվա հունվարի 19-ին` իր թերթի խմբագրատան դիմաց:

Գործով դատավարությունը սկսվել է հուլիսի 2-ին, ապա դատարանն այն հետաձգել է մինչեւ հոկտեմբեր` ընդունելով քննությունը ընդլայնելու մասին Դինքի ընտանիքի փաստաբանների միջնորդությունը:

Դինքի սպանության գործով մինչ այժմ անցնում էր 18 մարդ, որոնց ճնշող մեծամասնությունը, այդ թվում` սպանությունն իրականացրած 17-ամյա Օգյուն Սամասթը, տրապիզոնցի ազգայնականներ են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG