Մատչելիության հղումներ

Անվտանգության խորհուրդը խորհրդակցություն կանցկացնի Կոսովոյի կարգավիճակին վերաբերող բանաձեւի շուրջ


Այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը խորհրդակցություն է անցկացնելու Կոսովոյի կարգավիճակին վերաբերող բանաձեւի նախագծի շուրջ:

Չորեքշաբթի օրը ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Զալմայ Խալիլզադը լրագրողներին ասել է. - «Գնդակը հիմա ռուսական կողմում է. եթե Ռուսաստանը սահմանափակի Անվտանգության խորհրդի դերակատարությունը, գործընթացը չի դադարի` այն կշարունակվի Խորհրդից դուրս»:

Նա հայտնել է, որ 15 անդամներից կազմված ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Կոսովոյի կարգավիճակի վերաբերյալ նախագծի շուրջ խորհրդակցություն կանցկացնի. - «Մենք կորոշենք` ինչպես ավարտել այս հարցը, եւ հաջորդ փուլերում Անվտանգության խորհրդի դերակատարությունը»:

Կոսովոյի իշխանությունները, իրենց հերթին, որոշել են աշնանը խորհրդարանական եւ տեղական ընտրություններ անցկացնել:

Կոսովոյի նախագահ Ֆաթմիր Սեյդիուն չորեքշաբթի օրը լրագրողներին ասել է. - «Այս աշնանը խորհրդարանական եւ տեղական ընտրություններ անցկացնելը անհրաժեշտ է` ամրապնդելու համար կենտրոնական եւ տեղական իշխանությունները»:

Նրա խոսքերով, Կոսովոյի թե իշխանամետ եւ թե ընդդիմադիր քաղաքական ուժերը պաշտպանում են նոր ընտրություններ անցկացնելու նախաձեռնությունը:

Միաժամանակ, Սեյդիուն ընդգծել է, որ ընտրությունները չեն կարող պատճառ հանդիսանալ Կոսովոյի ապագա կարգավիճակի շուրջ բանակցությունները հետաձգելու համար, եւ «կարգավիճակի հարցի լուծումը ամենաառաջնահերթն է»:

Կոսովոյում հիմնականը խորհրդարանական ընտրություններն են, քանի որ նախագահին ընտրում է խորհրդարանը:

Ներկայիս նախագահը խորհրդարանի կողմից ընտրվել է 2006 թվականի փետրվարին` փոխարինելով Իբրահիմ Ռուգովային, ով մահացել է թոքերի քաղցկեղից:

Պատերազմական գործողություններից հետո սա կլինի Կոսովոյում անցկացվող խորհրդարանական երրորդ ընտրությունը: Առաջինը ԵԱՀԿ-ի վերահսկողության ներքո անցկացվել է 2001 թվականին, երկրորդը` 2004-ին:

Երկրամասի բնակչության մոտ 10 տոկոսը կազմող սերբերը ընտրություններին չեն մասնակցել:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG