Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«168 ժամ»-ը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում այսօր անցկացվող նախագահական ընտրություններին, գրում է. - «Թեեւ միջազգային կազմակերպությունները մեկը մյուսի ետեւից հայտարարում են, թե չեն ճանաչելու այդ ընտրությունները, այնուհանդերձ ակնհայտ է, որ իրականում նույն միջազգային հանրության համար շատ կարեւոր է` այդ ընտրությունները համապատասխանելո՞ւ են միջազգային չափանիշներին, թե՞ ոչ: Եվ հենց դա է պատճառը, որ բազմաթիվ միջազգային դիտորդներ ժամանել են Ղարաբաղ` տեղում հետեւելու ընտրությունների ընթացքին»:

«Հայք»-ը «Չի ուզում դառնալ թոշակառու» վերնագրի ներքո տեղեկացնում է. - «Ամենաերիտասարդ թոշակառուն դառնալ չի ցանկանում ոչ միայն Ռոբերտ Քոչարյանը, այլեւ Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը: Սակայն Ղուկասյանն առայժմ ապագայի վերաբերյալ ոչ մի ծրագիր չունի: Ղուկասյանը հայտարարել է, որ ցանկացած դեպքում մտադիր չէ զբաղվել բիզնեսով»: «Ես երբեք չեմ զբաղվել դրանով, ու մտադիր չեմ վատ գործարար լինել: Դա կարող է լինել քաղաքական կամ հասարակական գործունեություն», - ըստ թերթի` ասել է Լեռնային Ղարաբաղի ներկայիս նախագահը:

«Առավոտ»-ը «Դաբրոն տվալ ա» վերնագրի ներքո փոխանցում է իր աղբյուրներից ստացած տեղեկությունը, թե «մեկ անգամ եւս համոզվելու համար, որ իրեն պաշտոնից հանելու վտանգ չկա, Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը մեծ «շքախմբով»` քաղաքապետարանի մի խումբ պաշտոնյաների ուղեկցությամբ, երեկ եղել է նախագահ Քոչարյանի մոտ»: Ըստ նույն աղբյուրների, «Ղուկասյանը իր հարցերը տեղը տեղին լուծել է»: «Նախագահը վերահաստատել է վարչապետ Սերժ Սարգսյանի տված «դաբրոն»` մինչեւ նոր նախագահական ընտրությունները Ղուկասյանին թողնել քաղաքապետի պաշտոնում», - գրում է թերթը` հավելելով. - «Չնայած դրան, այլ աղբյուրներ վստահեցնում են, որ երկուշաբթի օրվանից քաղաքապետարանի բոլոր բաժիններում խիստ ստուգումներ է անցկացնելու Ազգային ժողովի Վերահսկողական պալատը»:

Փաստելով, որ միջազգային գրեթե բոլոր ազդեցիկ կազմակերպությունների ներկայացուցիչները բացասաբար են արձագանքել Լեռնային Ղարաբաղում այսօր տեղի ունեցող նախագահական ընտրություններին, «Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանը գնահատել է. - «Այժմ տպավորություն է ստեղծվում, թե ողջ աշխարհը ծառացել է իր ազատությունը սեփական ուժերով նվաճած մի փոքրիկ ժողովրդի դեմ»։ «Այս ամենի պատճառն ամենեւին էլ Ադրբեջանի միջազգային հեղինակության աճը կամ էլ նավթադոլարները չեն», - պնդել է վերլուծաբանն ու հիմնավորել. - «Լեռնային Ղարաբաղի նախագահական ընտրությունները համընկել են այնպիսի պատմական պահի հետ, երբ, մեր կամքից անկախ, դարձել ենք Կոսովոյին անկախություն տրամադրելու՝ արեւմտյան հանրակցության ջանքերի ժամանակավոր պատանդը։ Սակայն ի վերջո, Կոսովոյի անկախությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով կճանաչվի, թե առանձին-առանձին, դրանով վերանալու են այն իրավական հիմքերը, որոնց հիման վրա այսօր չեն ճանաչվում Լեռնային Ղարաբաղի նախագահական ընտրությունները»։

Անօրինական փողերի լվացման մեղադրանքով ձերբակալված նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի գործի նախաքննության ընթացքին անդրադառնալով` «Հայկական ժամանակ» թերթը մանրամասնել է. - «Վերջին օրերին ակնհայտ դարձավ, որ ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնող ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մոտ խուճապ է սկսվել։ ԱԱԾ-ի վարույթում գտնվող քրեական գործերի քննության ընթացքում այդ մարմինը, որպես կանոն, հրաժարվում է հրապարակել նախաքննության մանրամասները։ Սակայն Արզումանյանի դեմ հարուցված քրեական գործի քննության ընթացքում մենք ականատես ենք լինում, թե ինչպես է ԱԱԾ-ն դատախազության միջոցով հրապարակում նախաքննության բոլոր մանրամասները»։ «ԱԱԾ-ի նման գործելաոճը, թերեւս, կարող է երկու բացատրություն ունենալ», - գրել է թերթն ու թվարկել. - «Տարբերակներից մեկն այն է, որ ԱԱԾ-ում այլեւս գիտակցել են, որ Արզումանյանի մեղադրանքը փլվել է, եւ այժմ հուսահատ փորձեր են անում՝ ցանկանալով ինչ-ինչ պատրանքներ ստեղծել, իբր նախկին արտգործնախարարի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը հիմնավոր է։ ԱԱԾ-ի գործողությունների մյուս բացատրությունը կարող է լինել այն, որ այստեղ քարոզչական արշավ են սկսել 2008-ին կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ։ Այս կերպ ցանկանում են վախեցնել արտերկրում ապրող բոլոր այն ՀՀ քաղաքացիներին, ովքեր կապված են Հայաստանի ընդդիմադիր գործիչների հետ եւ կարող են նրանց օգնել ֆինանսապես»։

«Ազգ» թերթի գլխավոր խմբագիրը, տեղեկացնելով, թե օրերս Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում միմյանց հետ հաշտեցրել է Ղպտի եւ Հաբեշ եկեղեցիներին, որոնք 40 տարուց ավելի խոր տարակարծության մեջ էին ու պայքարում էին միմյանց դեմ ոչ թե դավանաբանական, այլ «հատկապես վարչական խնդիրների շուրջ», տեղայնացրել է. - «Ավելորդ է ասել, որ Սուրբ հոգու կարիքն ունենք նաեւ մենք՝ մեր եկեղեցին, որ արդեն 51 տարի տառապում է երկփեղկման, հակաթոռության ու թեմական զուգահեռ կառույցների հակասություններից, դրանց բոլոր՝ վարչական, նյութական, հոգեւոր ու հոգեբանական վատ հետեւանքներով: Այդ գործը նվազ կարեւոր չէ, քան Հաբեշ ու Ղպտի եկեղեցիների համերաշխ համագործակցությունը: Ավելին՝ այդ գործը հրամայական պահանջն է մեր ժողովրդի: Մանավանդ որ, այլեւս բացարձակապես որեւիցե պատճառ չկա, որ ազատ եւ անկախ Հայաստանի պայմաններում, երբ մեր ժողովուրդը շատ ավելի կարիք ունի Հայաստան-սփյուռք եւ սփյուռք-սփյուռք միասնության, Հայ եկեղեցին չմիավորվի կրկին Մայր աթոռ Սբ. Էջմիածնի շուրջը»: «Դա իսկապես աստվածահաճո գործ է, եւ Սուրբ հոգին, որի հետ լավ հարաբերությունների ապացույցը տվել է արդեն Անթիլիասի գահակալը, վստահաբար պիտի օգնի դրա իրականացմանը», - ամփոփել է գլխավոր խմբագիրը:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG