Մատչելիության հղումներ

Հանձնվեցին Երեւանի մամուլի ակումբի 2007 թվականի մրցանակները


Երեւանի մամուլի ակումբի վարչության որոշման համաձայն, այս տարի սահմանվել էր 3 մրցանակ այն լրագրողական աշխատանքների համար, որոնք կատարվել էին նախորդ տարվա հուլիսի 15-ից մինչեւ 2007 թվականի հուլիսի 15-ը:

Ժուռնալիստիկայի ուսումնական ձեռնարկների ստեղծման համար մրցանակի արժանացավ Այդին Մորիկյանը: «Թի Վի 5» հեռուստաընկերության քաղաքական բանավեճային հաղորդումների համար մրցանակ տրվեց Գեւորգ Ալթունյանին, եւ ներքաղաքական խնդիրների ակտիվ լուսաբանման համար մրցանակ ստացավ lragir.am պարբերականի լրագրող Հակոբ Բադալյանը:

«Աշխարհի որեւէ երկրում լիարժեք մամուլի ազատություն, բնականաբար, չկա», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Գեւորգ Ալթունյանը: - «Ինչ վերաբերում է խոսքի ազատությանը, ապա այստեղ մենք պետք է կարողանանք հստակ գիտակցել, որ խոսքի ազատությունը իշխանությունների կողմից տրվող շնորհ չէ»:

Իսկ ինչպե՞ս է գնահատում խոսքի եւ մամուլի ազատությունը Այդին Մորիկյանը եւ արդյոք նրա ստեղծած ուսումնական ձեռնարկները ծառայո՞ւմ են իրենց նպատակին:

«Այն, որ պրոֆեսիոնալիզմը մերոնց մոտ, ցավոք սրտի, քիչ է, ակնհայտ է», - ասաց Այդին Մորիկանը: - «Որոշ չափով այդ ձեռնարկները կարող են օգնել այդ պրոֆեսիոնալիզմի բարձրացմանը»:

Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի կարծիքով, Հայաստանում խոսքի եւ մամուլի ազատությունը մեծապես կախված է քաղաքական զարգացումներից, իսկ ավելի կոնկրետ` ընտրական գործընթացներից. - «Եթե նախորդ տարիներին ավանդույթը հետեւյալն էր, որ ընտրություններից ընտրություն, կարծես թե, ճնշումներ կային լրատվամիջոցների նկատմամբ, բայց այդքան էլ ուժեղ չէին, իսկ ընտրությունների ընթացքում այդ ճնշումները ուժեղանում էին, վերջերս այդ ավանդույթը կարծես թե փոխվել է»:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG