Մատչելիության հղումներ

Բուլղարացի բուժքույրերի եւ պաղեստինցի բժշկի մահվան դատավճիռը փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ


Լիբիայի բարձրագույն դատական ատյանը` Արդարադատության գերագույն խորհուրդը, ցմահ ազատազրկմամբ է փոխարինել հարյուրավոր երեխաների ՄԻԱՎ-ով վարակելու մեջ մեղադրվող բուլղարացի հինգ բուժքույրերի եւ պաղեստինցի բժշկի նկատմամբ մահվան դատավճիռը:

Ակնկալվում է, որ Բուլղարիան այսօր պաշտոնապես կդիմի Լիբիային` դատապարտված բուժաշխատողներին էքստրադիցիայի ենթարկելու խնդրանքով: Բուլղարիայի արտգործնախարար Իվայլո Կալֆինը պետական հեռուստատեսությամբ հայտնել է, որ երկրի գլխավոր դատախազը համապատասխան դիմում կուղարկի Լիբիայի իշխանություններին:

Բուժծառայողները մահվան էին դատապարտվել դեռ 2004 թվականին, սակայն միջազգային ճնշման տակ գերագույն դատարանի որոշմամբ նոր դատաքննություն էր նշանակվել, որը ավարտվել էր անցած տարվա դեկտեմբերին` նույն դատավճռով: Մեկ շաբաթ առաջ դատավճիռն անփոփոխ էր թողել նաեւ գերագույն դատարանը:

Բուլղարացի բուժքույրերը եւ պաղեստինցի բժիշկը լիբիական Բենգազի քաղաքի հիվանդանոցում աշխատել են 1998 թվականից: Հաջորդ տարի նրանք կալանվել էին` ավելի քան 400 երեխաների ՄԻԱՎ-ով վարակելու մեղադրանքով: Վարակված երեխաներից 50-ը մահացել են:

Ըստ մեղադրող կողմի, բուժծառայողները երեխաներին վարակել են միտումնավոր` երբ ՄԻԱՎ-ի բուժումը գտնելու նպատակով փորձեր են կատարել: Պաշտպանական կողմը, սակայն, պնդում է, որ երեխաները վարակվել են հիվանդանոցի հակահիգիենիկ պայմանների պատճառով:

Բուժծառայողները դատարանում հայտարարել էին, թե իրենցից խոստովանական ցուցմունքներ են կորզվել խոշտանգումների միջոցով, իսկ բուժքույրերից ոմանք հայտնել են նաեւ, որ իրենց բռնաբարել են:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG