Մատչելիության հղումներ

Լեո Պլատվոետ. «Ղարաբաղում ընտրվելիք նախագահը չի ճանաչվի միջազգային ասպարեզում»


Լեռնային Ղարաբաղը չի ճանաչվել որեւէ պետության, նույնիսկ Հայաստանի կողմից, հետեւաբար, այնտեղ ընտրվելիք նախագահը միջազգային ասպարեզում չճանաչված կմնա: Նման կարծիք է հայտնել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով զեկուցող Լեո Պլատվոետը:

Միաժամանակ, ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը տված հարցազրույցում նա ասել է, թե Ղարաբաղի նախագահը «կարող է դեր խաղալ հակամարտության խաղաղ կարգավորման գործում` որպես Լեռնային Ղարաբաղի հայ համայնքի ղեկավար»:

«Հակամարտության խաղաղ կարգավորման գործում պետք է ներգրավված լինեն բոլոր կողմերը` թե Լեռնային Ղարաբաղի բնակչությունը եւ թե Ղարաբաղից փախստականները», - հայտարարել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի զեկուցողը:

Ընդ որում, Պլատվոետի խոսքերով, հակամարտության կարգավորումը «հնարավոր է միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»:

Ադրբեջանում Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Ալան Վադամսը, իր հերթին, այսօր հայտարարել է, թե Եվրամիությունը չի ճանաչելու Լեռնային Ղարաբաղում անցկացվելիք նախագահական ընտրությունների արդյունքները:

«Նովոստի - Ազերբայջան»-ի վկայությամբ, Վադամսը պարզաբանել է, որ Լեռնային Ղարաբաղը որպես հանրապետություն ճանաչված չէ Եվրամիության անդամ երկրներից ոչ մեկի կողմից, հետեւաբար, «այդ ընտրությունների նկատմամբ վերաբերմունքը բացասական կլինի»:

Լեռնային Ղարաբաղում նախագահական ընտրությունները նախատեսված են վաղը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG