Մատչելիության հղումներ

Մասիս Մայիլյան. «Կոսովոյի անկախության ճանաչումը նոր խթան կհանդիսանա Ղարաբաղի անկախության պահանջի համար»


Միջազգային հանրության կողմից Կոսովոյի անկախության հնարավոր ճանաչումը նոր խթան կհանդիսանա Լեռնային Ղարաբաղի անկախության պահանջի համար: Այս մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի փոխարտգործնախարար, նախագահության թեկնածու Մասիս Մայիլյանը երեկ «Ռոյթերզ» գործակալությանը տված հարցազրույցում:

«Հակամարտության կարգավորման Կոսովոյի մոդելը կարող է օրինակ ծառայել այլ հակամարտությունների համար», - ընդգծել է Մայիլյանը` հավելելով. - «Եթե [Կոսովոյի անկախությունը] ճանաչվի, դա ինձ համար հետաքրքիր կլինի, քանի որ չճանաչված երկիրը ճանաչման կհասնի` անկախ դրա նախկին կառավարիչների կարծիքից»:

«Այդ իմաստով, Կոսովոյի մոդելը հետաքրքիր է մեզ համար: Այսինքն` մենք կարող ենք ճանաչման հասնել նոր սցենարով», - հայտարարել է ղարաբաղցի դիվանագետը:

Մայիլյանի խոսքերով, Լեռնային Ղարաբաղը կշարունակի հետամուտ լինել Ադրբեջանի հետ բանակցությունների ճանապարհով խնդրի կարգավորմանը` այն ակնկալիքով, որ դա կհանգեցնի միջազգային ճանաչման: Այնուհանդերձ, ինչպես շեշտել է նա, Կոսովոյի հնարավոր ճանաչումը խթան կդառնա, որպեսզի Լեռնային Ղարաբաղը հետամուտ լինի երկրորդ ուղուն` լոբբիստական գործունեությամբ հասնել օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների կողմից ճանաչման` անկախ այդ հարցում Ադրբեջանի դիրքորոշումից:

Ռուսաստանը արգելափակում է ՄԱԿ-ի եւ Արեւմուտքի կողմից պաշտպանվող ծրագրերը, որոնք այս կամ այն աստիճանի անկախություն են նախատեսում Կոսովոյի համար: Պաշտոնական Մոսկվան իր դիրքորոշումը հիմնավորում է այդ ծրագրերին Սերբիայի դեմ լինելով:

Սակայն Կոսովոյի ալբանացի մեծամասնությունը զգուշացրել է, թե միակողմանիորեն կհռչակի երկրամասի անկախությունը: Միացյալ Նահանգները եւ որոշ եվրոպական երկրներ ակնարկել են, որ իրադարձությունների նման ընթացքի դեպքում կարող են ճանաչել Կոսովոն որպես ինքնիշխան պետություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG