Մատչելիության հղումներ

Այսօր կշարունակվի Արատ Դինքի եւ Սարգիս Սերոբյանի գործով դատավարությունը


Ստամբուլում այսօր շարունակվելու է երկլեզու «Ակոս» թերթի սպանված խմբագրապետ Հրանտ Դինքի որդու` Արատ Դինքի եւ թերթի պատասխանատու քարտուղար Սարգիս Սերոբյանի գործով դատավարությունը: Դատախազությունը մինչեւ երեք տարվա ազատազրկում է պահանջում նրանց համար` «թուրքական ինքնությունը վիրավորելու» մեղադրանքով, Թուրքիայի քրեական օրենսգրքի նույն 301-րդ հոդվածով, որով ժամանակին քանիցս մեղադրանք էր ներկայացվել Հրանտ Դինքին:

Արատ Դինքին եւ Սարգիս Սերոբյանին Թուրքիայի հանրային գործերի նախարարությունը դատական պատասխանատվության է կանչել «Ռոյթերզ» գործակալությանը Հրանտ Դինքի տված հարցազրույցը վերահրատարակելու համար: Հարցազրույցում Դինքը հայտարարել էր, որ 1915 թվականի իրադարձությունները ոչ այլ ինչ էին, քան ցեղասպանություն:

Հունիսի 14-ին կայացած դատական առաջին նիստում Արատ Դինքը մեղադրել էր դատախազներին, որ նման դատավարություներ սկսելով` նրանք նպաստել են իր հոր սպանությանը: «Պարզունակ, անհեթեթ եւ վտանգավոր բան է, երբ պատմական իրադարձությունը ցեղասպանություն անվանելը համարվում է թուրքական ինքնությանը հասցված վիրավորանք», - ասել էր Հրանտ Դինքի որդին:

Տխրահռչակ 301-րդ հոդվածը բազմիցս քննադատության է արժանացել միջազգային կառույցների, այդ թվում Եվրամիության կողմից` երկրում խոսքի ազատությունը սահմանափակելու համար: Այդ հոդվածով դատական հետապնդման են ենթարկվել Թուրքիայի մտավորականության մի շարք ներկայացուցիչներ, որոնց թվում է գրականության Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուկը:

Անցած շաբաթ Թուրքիայի լրագրողների միությունը որոշել է Հրանտ Դինքին հետմահու շնորհել «Մամուլի ազատություն - 2007» մրցանակը` 301-րդ հոդվածից տուժած եւ դրանով դատապարտված լրագրողների ու գրողների անունից:

Մրցանակաբաշխության արարողությունը տեղի է ունենալու հուլիսի 24-ին` Ստամբուլի «Դոլմաբահչե» պալատում:

«Սա պետական մրցանակ չէ, այդ պատճառով էլ ինձ համար մեծ նշանակություն չունի: Լրագրողների միությունը ազնվություն է ցուցաբերել եւ նման մրցանակ է շնորհել Հրանտին. երանի թե նրա կենդանության օրոք տային», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այս կապակցությամբ ասել էր «Ակոս»-ի պատասխանատու քարտուղար Սարգիս Սերոբյանը` շեշտելով. - «Մի կողմից` Հրանտին ճանաչում են տարվա ամենախիզախ լրագրող, մյուս կողմից` այս երկրում շարունակվում են լրագրողների դեմ դատավարությունները»:


Ռուբեն Մելոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG