Մատչելիության հղումներ

Ռուսաստանում ազգայնական խմբավորումներում ընդգրկված երիտասարդների թիվը անցնում է կես միլիոնից


Ազգայնական երիտասարդական խմբավորումների ընդհանուր թիվը Ռուսաստանում հասնում է 141-ի, դրանցում ընդգրկվածների քանակն էլ արդեն գերազանցել է 500 հազարը: Այդ է վկայում Մարդու իրավունքների մոսկովյան բյուրոյի օրերս հրապարակած զեկույցը:

Մոսկվացի իրավապաշտպանների պնդմամբ` այլազգիների դեմ ամենադաժան ու հանդուգն հարձակումներով աչքի ընկած խմբավորումները գործում են Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում:

Որպես ծայրահեղական տրամադրությունների աճի ամենացայտուն ապացույց` Մարդու իրավունքների մոսկովյան բյուրոն իր պաշտոնական կայքէջում մատնանշում է ազգային անհանդուրժողականության հողի վրա կատարված հարձակումների քանակը: Եթե 2004 թվականի առաջին կիսամյակում Ռուսաստանի տարածքում գրանցվել է ազգային հողի վրա կատարված 7 սպանություն, ապա 2007-ի առաջին չորս ամիսներին արդեն կատարվել է 25 նման սպանություն:

Իրավապաշտպանները նշում են, որ ազգայնական ծայրահեղականների միջին տարիքը 15-17 տարեկան է, շատ հաճախ նրանք միավորվում են տարբեր ֆուտբոլային ակումբների կամ երաժշտական խմբերի հովանու ներքո:

Ռուսաստանցի սոցիոլոգները օրինաչափ են համարում ազգայնականության երիտասարդացումը երկրում: Ըստ «Lեւադա» կենտրոնի վերջին հետազոտությունների` ռուսաստանցի երիտասարդության առնվազն 15 տոկոսը դավանում է ծայրահեղ ազգայնական, ֆաշիստական հայացքներ:

Վերլուծաբանների համոզմամբ, այլազգիների դեմ հարձակումները ռուս պատանիների համար առավել հրապուրիչ են դառնում հատկապես անպատժելիության ընդհանուր մթնոլորտի ֆոնին:

«Սովա» իրավապաշտպան կենտրոնի փորձագետ Գալինա Կոժեւնիկովան անցած ամիս լրագրողներին ասել էր. - «Եթե միլիցիան նրանց ձերբակալի, բանտ նստեցնի, ապա բռնության այս ալիքը որոշակիորեն կնվազի»:

Ռուս իրավապաշտպանը, սակայն, նկատել էր, որ պետական մարմինները գերադասում են աչք փակել ազգայնականների հարձակումների վրա:

«Անցած տարի ավելի քան 500 հարձակում է գրանցվել, սակայն այդ գործերով դատավճիռները մի քանի տասնյակն են, եթե ավելի հստակ խոսենք, ապա` ընդամենը 33 դատական վճիռ», - ասել էր Կոժեւնիկովան:

Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG