Մատչելիության հղումներ

Վարչապետը հարկային ծառայության աշխատակազմին է ներկայացրել ծառայության նոր պետին


Վարչապետ Սերժ Սարգսյանը այսօր կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության աշխատակազմին է ներկայացրել ծառայության նորանշանակ պետ Վահրամ Բարսեղյանին:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ծառայության նախկին պետ Ֆելիքս Ցոլակյանին` անցած չորս տարիների աշխատանքի համար, ընդգծելով, որ նրա պաշտոնավարման շրջանում հաջողվել է որոշակի դժվարություններ հաղթահարելով գրեթե 2,5 անգամ ավելացնել հավաքագրումների ծավալը` 120 մլրդ դրամից հասցնելով 280 միլիարդ դրամի (շուրջ 824 միլիոն դոլար), ինչը շոշափելի արդյունք է, սակայն համախառն ներքին արդյունք/հարկեր հարաբերակցությունը մեծացնելու ուղղությամբ անելիքներ դեռեւս շատ կան:

Վարչապետը հույս է հայտնել, որ հանրապետության նախագահի խորհրդականի պաշտոնն ստանձնած Ֆելիքս Ցոլակյանը կշարունակի աշխատել նույնպիսի պատրաստակամությամբ եւ արդյունավետությամբ:
Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ ծառայության լավ ավանդույթները շարունակելով հանդերձ` Վահրամ Բարսեղյանը իր աշխատանքով նոր խոսք կասի, նոր մոտեցումներ եւ մեխանիզմներ կներդնի ծառայության աշխատանքում, քանի որ առանց նոր մոտեցումների, առանց լուրջ եւ նոր լծակների կիրառման անհնար է բարձրացնել հավաքագրումների մակարդակը եւ լիարժեք լուծել ծառայության առջեւ դրված նոր խնդիրները:

«Մենք պարտավոր ենք, մենք այլ ճանապարհ չունենք մեր ժողովրդի բարեկեցությունը բարձրացնելու: Հստակ է, որ ցանկացած ստվերային գումար աշխատում է պետության դեմ», - ընդգծել է վարչապետը:

Վահրամ Բարսեղյանը վստահեցրել է, որ ծառայության աշխատանքի հիմքում անպայման դրվելու են նոր մոտեցումներ ու մեթոդներ, որոնք կարճ ժամկետում թույլ կտան ավելի մեծացնել ծառայության աշխատանքի արդյունավետությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG