Մատչելիության հղումներ

Դատարանը արդարացման վճիռ է կայացնում «Ռոյալ Արմենիա»-ի գործով


Գրեթե երկու տարի Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում անցկացնելուց հետո «Ռոյալ Արմենիա» ընկերության ղեկավարները` Գագիկ Հակոբյանն ու Արամ Ղազարյանը, այսօր ազատ արձակեցին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դահլիճից:

«Ռոյալ Արմենիա»-ի ղեկավարները մեղադրվում էին մաքսանենգության, հարկերից խուսափելու, փաստաթղթեր կեղծելու մեջ: Մեղադրող կողմը նրանց համար պահանջում էր երկարատեւ ազատազրկում: Մեղադրյալները չէին ընդունում իրենց մեղքը` պնդելով, որ գործը իրենց նկատմամբ «սարքվել է»:

Ընկերության ներկայացուցիչները բազմիցս հրապարակավ հայտարարել են, որ ընկերության ղեկավարության նկատմամբ հետապնդումները սկսվել են այն բանից հետո, երբ նրանք մաքսային կոմիտեի աշխատակիցներին մեղադրել են կաշառակերության մեջ:

«Ռոյալ Արմենիա»-ի ղեկավարների փաստաբան Աշոտ Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ նման օբյեկտիվ դատավճիռ իր փաստաբանական պրակտիկայում չի մտաբերում. - «Այս քրեական գործը միայն կարող էր ավարտվել արդարացման դատավճռով: Ինձ համար դա սպասելի էր այն առումով, որ քրեական գործի դատաքննության ընթացքում ամբողջովին պարզվեց, որ քրեական գործը շինծու է»:

«Ինձ համար անսպասելի էր միայն այն, որ այս երկրում կարող է արդարացի դատավճիռ լինել», - հավելեց նա:

Դատարանը նաեւ որոշեց ակնհայտ կեղծ վկայություն տալու համար քրեական գործ հարուցել գործում որպես տուժող ընդգրկված, «Ռոյալ Արմենիա»-ին նախկինում սուրճ մատակարարող ՖԻԳ ընկերության ղեկավար Վաչե Պետրոսյանի դեմ:

Գլխավոր դատախազության մամուլի խոսնակը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ դատախազությունը վերադաս ատյանում բողոքարկելու է առաջին ատյանի դատարանի վճիռը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG