Մատչելիության հղումներ

Նովրուզ Մամեդով. «Համանախագահները կոպիտ սխալ են թույլ տալիս»


Ադրբեջանի նախագահի վարչակազմի արտաքին կապերի գծով բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը հայտարարել է, թե «հավասարության նշան դնելով հակամարտող կողմերի միջեւ` ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները կոպիտ սխալ են թույլ տալիս»:

«Նովոստի - Ազերբայջան»-ի փոխանցմամբ, մեկնաբանելով ուրբաթ օրը Վիեննայում կայացած հանդիպումից հետո համանախագահների հրապարակած հայտարարությունը` Մամեդովը կարծիք է հայտնել, թե «նրանք սխալ են վերաբերվում համանախագահների ուղղակի պարտականություններին, ինչպես նաեւ խախտում են միջազգային իրավունքի նորմերը»: Նրա խոսքերով, «համանախագահները պետք է ագրեսորին կոչեն իր անունով»:

«Համանախագահները իրենց հայտարարությունում նշում են, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության ճակատագիրը կախված է հակամարտության կողմ պետությունների ղեկավարների քաղաքական կամքից: Այստեղ կարող է խոսք լինել միայն մեկ նախագահի մասին` Ռոբերտ Քոչարյանի: Հակամարտության լուծումը կախված է միայն Հայաստանի նախագահի եւ նրան շրջապատողների կամքից», - ասել է Մամեդովը:

Նա մեկ անգամ եւս հնչեցրել է Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումը, ըստ որի, «հայկական զինված կազմավորումները պետք է ազատեն Ադրբեջանի գրավյալ տարածքները, եւ Լեռնային Ղարաբաղը պետք է իր կարգավիճակը որոշի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG