Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը այսօր պետք է քննարկի եւ քվեարկության ժամկետ որոշի Միացյալ Նահանգների ու Եվրամիության մշակած` Կոսովոյի հիմնախնդրի կարգավորման բանաձեւի նախագծի համար, որը անցած ուրբաթ օրը փոխանցվել է խորհրդի անդամ 15 երկրների ներկայացուցիչներին: Ինչպես նշում են մեկնաբանները, դա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց, Ֆինլանդիայի նախկին նախագահ Մարտի Ահտիսաարիի կազմած` Կոսովոյի անկախությունը ենթադրող ծրագրի լրամշակված տարբերակն է:

Ռուսաստանն արդեն հայտարարել է, որ որեւէ նախագիծ կընդունի միայն այն դեպքում, եթե այն ընդունելի համարեն երկու հակամարտող կողմերը՝ Սերբիան եւ Կոսովոն:

Արձագանքելով Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարությանը` Կոսովոյի ալբանացիների շահերը ներկայացնող բանագնաց Վեթոն Սուրոյը արեւմտյան երկրներին կոչ է արել անտեսել Ռուսաստանի ընդդիմությունը եւ ճանաչել Կոսովոյի անկախությունը:

«Չի կարելի Վլադիմիր Պուտինին թույլ տալ խոչընդոտել Եվրոպայի ազատ պետությունների միավորումը, Ռուսաստանն ի զորու չէ վետո սահմանել Եվրոպայի պատմական գործընթացների նկատմամբ», - ասել է Սուրոյը:

Նախօրեին նաեւ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Զալմայ Խալիզադն է հայտարարել, թե «Մոսկվայից հասնող աղմուկը հուսադրող չէ, սակայն մենք առ այսօր Մոսկվայի վերջնական եւ հստակ կարծիքը չենք լսել, հիմա Ռուսաստանից է կախված` արդյոք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դերակատարություն կունենա՞ Կոսովոյի հարցում»:

Արեւմտյան երկրները վերջին ժամանակաշրջանում տարբեր առիթներով նկատել են տվել, որ եթե ռուսները շարունակեն առարկել, Արեւմուտքը միակողմանիորեն կճանաչի Կոսովոյի անկախությունը, եւ այդպիսով ոչ միայն Մոսկվան կմեկուսացվի, այլեւ ՄԱԿ-ը դուրս կմնա Կոսովոյի խնդրի կարգավորման գործընթացից:

Ռուսաստանը, իր հերթին, բազմիցս ակնարկել է, որ Կոսովոյի անկախության ճանաչումն անխուսափելիորեն նախադեպ կդառնա անջատողական այլ տարածքների, մասնավորապես, Աբխազիայի եւ Հարավային 0սիայի անկախությունը ճանաչելու համար:

Սերբիայի վարչապետ Վոյիսլավ Կոշտունիցան այսօր մեկնում է Լիսաբոն, որտեղ Եվրամիության նախագահությունը կես տարով ստանձնած Պորտուգալիայի ղեկավարներին կփորձի համոզել՝ պաշտպանել Սերբիայի տարածքային ամբողջականությունը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG