Մատչելիության հղումներ

logo-print
Սպիտակ տունը Կոնգրեսի պահանջով պատրաստել եւ երեկ երեկոյան հրապարակել է միջանկյալ զեկույց Իրաքում ստեղծված իրավիճակի եւ իրաքյան կառավարության գործունեության մասին:

«Կոնգրեսը խնդրել է գնահատել 18 ցուցանիշ: Մենք կարող ենք ասել, որ 8 ասպարեզում կա բավարար առաջընթաց, օրինակ, իրաքցիները տրամադրել են երեք բրիգադ Բաղդադում եւ դրա շուրջ գործողություններ իրականացնելու համար: Իրաքի կառավարությունն այս տարի իր սեփական աղբյուրներից հատկացրել է 7 միլիարդ 300 միլիոն դոլար իրաքյան ուժերը վարժեցնելու, հանդերձելու եւ արդիականացնելու համար», - լրագրողներին ասել է Ջորջ Բուշը` միաժամանակ նշելով, որ շատ հարցեր դեռ լուծված չեն:

«Այս պատերազմի շուրջ քննարկումները ներկայացնում են որպես զորքը Իրաքում պահելու կամ դուրս բերելու աջակիցների վեճ, մինչդեռ պետք է այլ կերպ ձեւակերպել. մի կողմից նրանք են, ովքեր կարծում են, որ պատերազմն Իրաքում անիմաստ է եւ տանուլ է տրված, մյուս կողմից` նրանք, ովքեր հավատում են, որ կարելի է եւ անհրաժեշտ է հաղթել», - ասել է Բուշը:

Դեմոկրատների վերահսկողության տակ գտնվող Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է արդեն երրորդ բանաձեւը, որով պահանջում է մինչեւ հաջորդ տարվա գարուն դուրս բերել զորքն Իրաքից:

Ջորջ Բուշը ավելի վաղ հայտարարել էր, որ վետո կդնի զորքերի դուրսբերման ժամկետ պարունակող ցանկացած բանաձեւի վրա, պնդելով, թե «Կոնգրեսն ունի պատերազմը ֆինանսավորելու լիազորություն, բայց այն կառավարելու իրավունք չունի»:

ԱՄՆ-ի նախագահն առաջարկում է սպասել մինչեւ սեպտեմբեր, երբ ամերիկացի գեներալները կհրապարակեն համապարփակ զեկույց Իրաքում տիրող իրավիճակի մասին: Սպիտակ տունը պնդում է, որ զորքի վաղաժամկետ դուրսբերման հետեւանքով Իրաքում կսկսվի զանգվածային կոտորած շիաների եւ սուննիների միջեւ, եւ Իրաքը կդառնա միջազգային ահաբեկչության, մասնավորապես, Ալ-Ղաիդայի հիմնական հենակետը:

Մեկնաբանները նշում են, որ արդեն ընթանում է այս պատերազմի 5-րդ տարին` այն սկսվել է 2003 թվականի մարտի 20-ին: Նախնական շրջանում ամերիկացիների մեծ մասն աջակցում էր Սադամ Հուսեյնի վարչակարգը տապալելու ծրագրին, սակայն հիմա մարդիկ պահանջում են դադարեցնել պատերազմը, վախենալով, որ այն կվերածվի «երկրորդ Վիետնամի»:

Այս պատերազմում արդեն զոհվել է ավելի քան 3600 ամերիկացի զինծառայող: Ամերիկացի հարկատուների հաշվին ամեն ամիս այս պատերազմի համար հատկացվում է շուրջ 10 միլիարդ դոլար:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG