Մատչելիության հղումներ

Սոչիում անցկացվելիք Օլիմպիադան դարձել է վրաց - աբխազական վեճի հերթական թեման


Վրաց - աբխազական վեճի հերթական թեման է դարձել 2014 թվականին Սոչիում անցկացվելիք ձմեռային Օլիմպիադան:

Աբխազիայում կարծում են, թե միջազգային հանրության կողմից չճանաչված հանրապետության համար այդ Oլիմպիադան կարող է խիստ դրական նշանակություն ունենալ: Մասնավորապես, անանուն աբխազ փորձագետը «Ռեգնում» գործակալությանը տված հարցազրույցում նշել էր, թե Աբխազիան կարող է Oլիմպիադայի կազմակերպիչներին շինանյութ եւ աշխատուժ մատակարարել, զուգահեռաբար զարգացնել Գագրայի եւ Պիցունդայի հյուրանոցային համակարգը, ինչպես նաեւ ապահովել այսպես կոչված «Մեծ Սոչիի» անվտանգությունը` վրացական ուղղությամբ:

Դրան հակադարձեցին վրաց վերլուծաբանները: Այսպես, քաղաքագետ Իրակլի Սեսիաշվիլին հայտարարել է, թե Վրաստանի իշխանությունները պետք է իրականացնեին Սոչիի հակագովազդը: Թբիլիսցի փորձագետը նաեւ պնդում է, որ «2014 թվականին ռուսական կողմը պատրաստվում է օգտագործել Սուխումիի եւ Գագրայի օդանավակայանները»:

Մոսկվայից այդ մտադրությունները ոչ միայն չհերքեցին, այլեւ անուղղակիորեն հաստատեցին: Մոսկվայի Քաղաքական ու ռազմական հետազոտությունների կենտրոնը ներկայացնող Սերգեյ Մարկեդոնովի համոզմամբ, մասնավորապես, «Սուխումիի քաղաքացիական օդանավակայանի եւ Գուդաուտայի նախկին ռազմաօդային բազայի օգտագործումը հնարավորություն կտա որոշակիորեն բեռնաթափել Սոչիի օդանավակայանն ու Աբխազիան վերադարձնել խաղաղ կյանքի»:

Կոդորի կիրճում գործող Աբխազիայի վրացամետ կառավարության ղեկավար Թեմուր Մժանիան, սակայն, համարում է, որ «աբխազական հակամարտությունը Սոչիի օլիմպիադային կապելու փորձերը վկայում են, որ Սուխումիի իշխանությունների դիրքերը իրականում շատ թույլ են»: Ամեն դեպքում, ըստ Մժանիայի, «ուրախալի է, որ 2014 թվականի ձմեռային Օլիմպիադան կանցկացվի վրացական անվանում ունեցող քաղաքում` Սոչիում»:

22-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը Սոչիում անցկացնելու մասին որոշումը Միջազգային օլիմպիական կոմիտեն ընդունել է անցած շաբաթ:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG