Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյան. «Ես աջակցում եմ Սերժ Սարգսյանին»


«Ես աջակցում եմ Սերժ Սարգսյանին: Երկար ժամանակ աշխատել եմ նրա հետ: Եվ այն հանգամանքը, որ բանակն այսօր ամենամեծ վստահություն վայելող պետական կառույցն է, նախեւառաջ նրա ձեռքբերումն է», - ասել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը գերմանական «Շպիգել օնլայն» հանդեսի թղթակից Ուվե Կլուսմանին:

Գերմանական պարբերականին տված բավական ծավալուն հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը անդրադարձել է ներքաղաքական ու տարածաշրջանային մի շարք խնդիրների:

Խոսելով իր նախագահության 10 տարիների արդյունքների մասին` Քոչարյանը նշում է. - «Իմ նախագահության ձեռքբերումներից կարող եմ նշել տնտեսական բարեփոխումները: Մենք հաջողությամբ գործակցել ենք միջազգային ֆինանսական կառույցների հետ: Հայաստանի տնտեսության աճը կազմել է 12 տոկոս` նավթ չարտահանող պետության կողմից արձանագրված ամենաբարձր ցուցանիշներից մեկը»:

Հաջորդ նախագահը, Քոչարյանի խոսքերով, պետք է շարունակի տնտեսական բարեփոխումները. - «Երկրի ղեկավարությունը պետք է բարեփոխի սոցիալական եւ կենսաթոշակային համակարգերը: Թեեւ աղքատության ցուցանիշը վերջին մի քանի տարիներին նվազել է, բայց սոցիալական ոլորտում դեռ շատ անելիք կա»:

«Մեր անվտանգության ուժերը լավ կազմակերպված են, ինչը կարեւոր է նաեւ ապագայի համար: Մեր բարդ պատմության ֆոնին Հայաստանի քաղաքացիները հատուկ պաշտպանության կարիք են զգում», - ասել է Ռոբերտ Քոչարյանը:

Հարցին, թե արդյոք Հայաստանը պատկերացնո՞ւմ է Եվրամիության կազմում, երկրի նախագահը պատասխանել է. - «Մենք իրատես ենք: Մոտ ապագայում մենք մեր առջեւ Եվրամիությանն անդամակցելու նպատակ չենք դնում»: Նա, սակայն, խոստանում է անել ամեն հնարավորը` Եվրամիության հետ Հայաստանի համագործակցությունը ավելի բարձր մակարդակի հասցնելու համար:

Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությանը, ապա այստեղ Քոչարյանն ավելի զգուշավոր է. - «Ակնհայտ է, որ մեր հարաբերությունները հարեւանների հետ կվատթարանան` եթե մենք անդամակցենք ՆԱՏՕ-ին: Դրանից մեր անվտանգության մակարդակը չի բարձրանա»:

«Վրաստանն ու Ադրբեջանը ցանկանում են դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ է», - դիտարկում է գերմանացի լրագրողը` հարցնելով. - «Արդյո՞ք դուք ցանկանում եք, որ Հայաստանը մնա Ռուսաստանի վերջին ֆորպոստը Հարավային Կովկասում»: Հայաստանի նախագահը պատասխանել է. - «Ինձ դուր չի գալիս նման ձեւակերպումը: Հավաքական անվտանգության պակտին մեր մասնակցությունը համահունչ է անվտանգության ապահովման մեր շահերին: Հայաստանի համար կարեւոր է, իհարկե, ՆԱՏՕ-ի հետ համագործակցության զարգացումը, սակայն անդամակցությունը դաշինքին չի բարձրացնի մեր անվտանգության մակարդակը, ավելին` մեր գործողությունները միանշանակ չեն ընկալվի»:

Ինչ վերաբերում է ղարաբաղյան բանակցություններին, ապա դրանք, ըստ Հայաստանի նախագահի, արդյունավետ չեն, քանի որ «Ադրբեջանը չի ուզում ընդունել իրականությունը` սխալ կերպով կարծելով, թե հնարավոր է հետ պտտել պատմության անիվը»: «Ժողովուրդը, որ անկախություն է ձեռք բերել, դրանից երբեք չի հրաժարվի», - ասել է Քոչարյանը` ներկայացնելով Ղարաբաղի ապագայի իր տեսլականը. - «Lեռնային Ղարաբաղի ու Հայաստանի ապագան ես պատկերացնում եմ ասիմետրիկ համադաշնության տեսքով: Այսօր, սակայն, Ղարաբաղի հանրապետությունը կայացած պետություն է եւ շատ հարցերում այն ավելի մեծ հաջողություններ ունի, քան, ասենք, Ադրբեջանը»:

«Իսկ որքանո՞վ է հավանական պատերազմական գործողությունների վերսկսումը, չէ որ այս տարի առաջին անգամ Ադրբեջանի ռազմական բյուջեն գերազանցեց Հայաստանի Հանրապետության ողջ բյուջեն», - հարց է ուղղում Հայաստանի նախագահին «Շպիգել»-ի թղթակիցը: Քոչարյանի տեսակետն այս առումով միանշանակ է. - «Ես կասկածում եմ, որ Ադրբեջանի ռազմական բյուջեն մեր ողջ բյուջեից ավելի մեծ է: Ես խորհուրդ կտայի դատողություններ չանել միայն թվերի վրա հիմնվելով: Դուք պետք է հաշվի առնեք նաեւ այն հանգամանքը, որ սեփական հողը պաշտպանող զինվորի եւ ուրիշի հողում կռվող զինվորի շարժառիթները տարբեր են»:

Քոչարյանը նաեւ նշել է, որ Հայաստանը չի պատրաստվում առաջինը սկսել ռազմական գործողություններ: «Սակայն նախապատրաստված ռազմական ագրեսիայի դեպքում մենք որոշումներ կկայացնենք, որոնք թելադրված կլինեն ռազմական դրությամբ», - ասել է նա:

Խոսելով այն զուգահեռների մասին, որ գոյություն ունեն Կոսովոյի եւ Lեռնային Ղարաբաղի միջեւ` Ռոբերտ Քոչարյանը պնդում է. - «Ղարաբաղցիները անկախություն ստանալու պակաս իրավունք չունեն, քան Կոսովոյի ալբանացիները: Առավել եւս, որ իրենց այդ իրավունքը ղարաբաղցիները միայնակ են պաշտպանել` առանց միջազգային հանրության աջակցության»:

Ինչ վերաբերում է հարցի վերջնական լուծմանը, ապա, ըստ Հայաստանի նախագահի, դա կապված է Lեռնային Ղարաբաղի ճանաչման ու անվտանգության երաշխիքների հետ: Դրանք, ըստ Քոչարյանի, ենթադրում են խաղաղապահ ուժերի տեղակայում հակամարտության գոտում. -
«Դա լինելու է միջազգային խաղաղապահ ստորաբաժանում»:

Ադրբեջանական կողմը արդեն իսկ արձագանքել է Հայաստանի նախագահի հարցազրույցին: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Խազար Իբրահիմը հայտարարել է. - «Քոչարյանի հարցազրույցը ցույց է տալիս, որ Հայաստանը չի հրաժարվել իր զավթողական քաղաքականությունից: Նման հայտարարությունները չեն նպաստում հարցի խաղաղ կարգավորմանը»:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG