Մատչելիության հղումներ

Դեպի Մարս թռիչքի նմանակման գիտափորձին մասնակցելու համար դիմել են նաեւ Հայաստանից


Մոսկվայում անցկացվելիք` դեպի Մարս թռիչքի նմանակման գիտափորձին մասնակցելու համար հազարավոր մարդիկ են դիմել 28 երկրներից, այդ թվում` Հայաստանից:

Ինչպես «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի բժշկական եւ կենսաբանական հիմնախնդիրների ինստիտուտի խոսնակը, դիմումները ստացվել են Ռուսաստանից, Ուկրաինայից, ԱՄՆ-ից, Միացյալ Թագավորությունից, Հայաստանից, Արգենտինայից, Բելգիայից, Բուլղարիայից, Բրազիլիայից, Գերմանիայից, Հունաստանից, Կոլումբիայից, Լատվիայից, Մեքսիկայից, Էստոնիայից եւ այլ երկրներից:

Ըստ խոսնակի, դիմողներից 200-ը, որոնցից 19-ը` կանայք, համապատասխանում են ինստիտուտի սահմանած պահանջներին:

Գիտափորձին մասնակցելու համար ընտրվելու են դիմողներից 6-ը: Նախապատվությունը կտրվի անգլերենին եւ ռուսերենին տիրապետող բժիշկներին, կենսաբաններին եւ ճարտարագետներին:

Գիտափորձը, որի նպատակն է ստուգել դեպի Մարս հնարավոր թռիչքի մասնակիցների առողջական վիճակը, կատարողականությունը եւ փոխգործողությունը, մեկնարկելու է 2008 թվականի վերջին:

«Ասոշիեյթեդ փրես» լրատվական գործակալության փոխանցմամբ, «Մարս - 500» նախագիծը գնահատվում է շուրջ 15 միլիոն դոլար: Դրա հիմնական ֆինանսավորողներից է «Ռոսկոսմոս» գործակալությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG