Մատչելիության հղումներ

Արա Գոչունյան. «Ընտրություններում համակրանքների առումով հայ համայնքի անունից ընդհանրացումները ճիշտ չեն»


«Այս պահի դրությամբ համակրանքների իմաստով համայնքի անունից ընդհանրացումներ անել, ըստ երեւույթին, չի կարելի եւ սկզբունքորեն էլ ճիշտ չէ», - այսպես պատասխանեց Ստամբուլում հրատարակվող «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյանը «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե քաղաքական ո՞ր ուժին է նախապատվությունը տալիս Թուրքիայի հայ համայնքը խորհրդարանական ընտրություններում:

Ինչ վերաբերում է հայ համայնքի ակնկալիքներին, ապա դրանք, Գոչունյանի խոսքերով, կապված են բարեփոխումների շարունակության հետ:

«Իսկ կոնկրետ անուններ նշելը բավական դժվար է, որովհետեւ Թուրքիայի հայ համայնքն էլ, իր հերթին, շերտավորված հավաքականություն է, եւ մենք դժվար թե կարողանանք ընդհանրացումներ անել եւ համայնքի անունից խոսել: Ինձ թվում է, որեւէ մեկը չի կարող այդպիսի կանխատեսում անել կամ այդպիսի ազդեցություն ունենալ համայնքի վերաբերմունքը, կողմնորոշումները ձեւավորելու տեսակետից», - ընդգծեց «Ժամանակ» թերթի խմբագիրը:

Հայ համայնքից այդ հարցով մինչ այժմ հնչած բոլոր հայտարարությունները Արա Գոչունյանը նկատում է «բավական վատառողջ եւ արկածախնդրական»: «Ես այդ հայտարարությունները, միեւնույն ժամանակ, ընկալում եմ որպես ազատ կամքի դրսեւորումը` նախապայմանով, եւ կամ այդ կամքի դրսեւորման վրա նախօրոք ազդեցություններ բանեցնելու ձեւ», - հավելեց նա:

Գոչունյանի տվյալներով, ընտրություններում հայ համայնքը ներկայացնող միայն մեկ թեկնածու կա` «Ճշմարիտ ուղի» կուսակցությունից Էֆրիմ Բաղը, ով առաջադրվել է Ստամբուլից: Այս քաղաքից ընտրվում են Ազգային մեծ ժողովի 550 պատգամավորներից 70-ը, եւ հաշվի առնելով, որ Բաղը ցուցակի 14-րդ տեղում է, «նրա ընտրության հեռանկարը շատ հուսալի նկատել մի քիչ լավատեսական կարող է լինել»:

Թուրքիայում հուլիսի 22-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը պաշտոնապես մեկնարկում է այսօր: Բարձր են գնահատվում իշխող կուսակցության հնարավորությունները, թեեւ, ըստ հարցումների, «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը որակական մեծամասնություն չի ունենա:

Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը ավելի վաղ հայտարարել էր, թե հայերը ընտրություններում աջակցելու են իշխող կուսակցությանը:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG