Մատչելիության հղումներ

Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունմանը սատարում են 219 կոնգրեսականներ


Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունման աջակիցների թիվը ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հասել է 219-ի: «Մենք անցել ենք կարեւոր, շրջադարձային մի կետ, երբ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունմանն աջակցող եւ երկու կուսակցությունները ներկայացնող կոնգրեսականները ունեն մեծամասնություն», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում հայտարարեց Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

«Այս 219-ը նշանակում է, որ հակառակ նրանց, ովքեր խանգարում են ցեղասպանության բանաձեւի ընդունմանը, մենք շարժվում ենք առաջ եւ շարունակելու ենք շարժվել, որպեսզի ոչ միայն մեծանա աջակցողների թիվը, այլեւ բանաձեւը ընդունվի Պալատի լիագումար նիստում», - վստահեցրեց Արդունին: - «Կարծում եմ, թուրքերը կշարունակեն ջանքերը հակառակ կողմում, եւ մենք` հայերս, պարտավոր ենք շարունակել մեր ջանքերը միասնաբար»:

Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրենի խոսքերով, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնը եւ Ջո Նոլենբերգը խոստացել են շարունակել բանաձեւի ընդունմանն ուղղված իրենց ջանքերը:

Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի` քվեարկության դրվելու հնարավոր ժամկետներին առնչվող հարցին Արդունին պատասխանեց. - «Ունենալով երկու կուսակցությունները ներկայացնող կոնգրեսականների մեծամասնություն` այժմ շատ լավ պահ է մեզ համար, եւ քվեարկությունը օրակարգում դնելու հարցը կախված է Ներկայացուցիչների պալատի ղեկավարությունից: Մենք շարունակելու ենք խրախուսել ղեկավարությանը` անցկացնելու քվեարկություն»:

Ներկայացուցիչների պալատի անդամների ընդհանուր թիվ 435 է:

Թիվ 106 բանաձեւի նախագիծը, որը այս տարվա հունվարին ամերիկյան Կոնգրեսի ստորին պալատին են ներկայացրել Ադամ Շիֆը, Ջորջ Ռադանովիչը, Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնը եւ Ջո Նոլենբերգը, ինչպես նաեւ Բրեդ Շերմանը եւ Թադեուս ՄըքՔոթերը, ԱՄՆ-ի նախագահին կոչ է անում «ապահովել, որպեսզի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը արտացոլի Հայոց ցեղասպանության պատշաճ ըմբռնում», եւ «մեկուկես միլիոն հայերի սիստեմատիկ եւ կանխամտածված բնաջնջումը ճշգրիտ կերպով ցեղասպանություն որակել նախագահական ամենամյա ուղերձում»:

Համանման նախագիծ է ներկայացված նաեւ ամերիկյան Սենատում:


Արամ Վանեցյան, Լոս Անջելես

(լուսանկարում. ձախից աջ` Բրայան Արդունի եւ Ֆրենկ Փալոն)

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG