Մատչելիության հղումներ

logo-print

Վարդան Օսկանյանը եւ համանախագահները քննարկել են բանակցային գործընթացում հետագա անելիքները


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի եւ Բեռնար Ֆասիեի հետ Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հանդիպման ժամանակ գնահատական է տրվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նպատակով հունիսի 9-ին Սանկտ Պետերբուրգում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքներին:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, քննարկվել են հայկական եւ ադրբեջանական կողմերի դիրքորոշումների մերձեցման հնարավորություններն ու բանակցային գործընթացի շրջանակում հետագա անելիքները:

Երեքշաբթի օրը Փարիզում կայացած հանդիպմանը մասնակցել են նաեւ ԵԱՀԿ-ի նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկն ու ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի աշխատակից Էլիզաբեթ Ռուդը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում արտգործնախարար Օսկանյանը ասաց, որ հանդիպումը «խորհրդատվական էր», «խորքային քննարկումներ չեն եղել»:

«Նորից փորձեցինք կենտրոնանալ տարաձայնությունների վրա` պարզել, թե դրանց էությունը ինչ է եւ ինչպես կարելի է դրանք հաղթահարել: Քննարկվեց նաեւ, թե ինչ կարելի է անել, որպեսզի պրոցեսը շարունակվի եւ կարողանանք արդյունք արձանագրել», - հավելեց նա:

Օսկանյանը «կարեւոր իրադարձություն» որակեց անցած շաբաթ հայ եւ ադրբեջանցի մտավորականների համատեղ այցը Երեւան, Բաքու եւ Ստեփանակերտ. - «Նման շփումները կարող են նպաստել երկու ժողովուրդների միջեւ վստահության վերահաստատմանը, որը, կարծում եմ, կարեւորագույն գործոններից մեկն է կոմպրոմիսային տարբերակով ի վերջո հարցի կարգավորմանը հասնելու համար»:

«Այսօր այս գործընթացում ամենամեծ խոչընդոտներից մեկը փոխադարձ վստահության պակասն է եւ ադրբեջանական հայտարարություններն են: Եթե մենք կարողանանք այս երկուսը ինչ-որ կերպ հաղթահարել, ես կարծում եմ, որ էապես կմեծանան հարցի խաղաղ կարգավորման հնարավորությունները», - եզրափակեց Վարդան Օսկանյանը:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG