Մատչելիության հղումներ

Սկսվեց Սէֆիլյանի, Մալխասյանի եւ Արոյանի գործով դատաքննությունը


Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում այսօր սկսվեց «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության անդամներ Ժիրայր ՍԷֆիլյանի, Վարդան Մալխասյանի եւ Վահան Արոյանի գործով դատաքննությունը` չնայած պաշտպանական կողմի միջնորդություններին ամբաստանյալների նկատմամբ խափանման միջոցը փոխելու եւ նրանց ազատ արձակելու վերաբերյալ:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը միջնորդությունները լսելուց հետո հայտարարեց, թե դրանց լուծում կտրվի «ապացույցների հետազոտման ավարտին»:

Մեղադրող Արթուր Մկրտչյանը հրապարակեց մեղադրական եզրակացությունը, ինչից հետո Ժիրայր Սէֆիլյանը հայտարարեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում. - «Իրավական առումով ես ինձ մեղավոր չեն ճանաչում, իսկ քաղաքական տեսանկյունից ամեն ինչ պարզ է»:

Նա հրաժարվեց ցուցմունք տալ եւ, օգտվելով իր իրավունքից, հանդես եկավ երկու մասից բաղկացած հայտարարությամբ. - «Առաջին մասով հրապարակելու եմ փաստեր, որոնք ապացուցում եւ հիմնավորում են այս գործի քաղաքական պատվեր ու շինծու լինելը: Երկրորդ մասով ներկայացնելու եմ իմ կարծիքը, թե այսօրվա իշխող համակարգը իրավունք ունի՞ իրեն պետություն կոչելու, թե՞ չէ»:

Այնուհետեւ նա փոխանցեց, որ իր մտերիմները մի քանի անգամ դիմել են նախագահին ու նրա աշխատակազմին` պարզելու, թե որոնք են Սէֆիլյանին կալանավորելու եւ մեղադրանք առաջադրելու պատճառները: Վերջին անգամ (հունիսին) նախագահ Քոչարյանը, Սէֆիլյանի մեջբերմամբ, պատասխանել է. - «Իրեն լավ է զգում մեկուսարանում` օրումեջ հայտարարություններ է անում: Նրան միգուցե պահեմ մինչեւ նախագահական ընտրությունները»:

Սէֆիլյանը դրանով փորձում էր հիմնավորել, որ իրենց կալանավորել են քաղաքական նկատառումներով: Նա հրաժարվեց դատարանում ցուցմունք տալ:

Նույնկերպ վարվեց եւ Վարդան Մալխասյանը` հայտարարելով, որ իրենք նկատմամբ իրականացվում է «բացահայտ քաղաքական հաշվեհարդար»:

Դատարանում այսօր նաեւ ցուցադրվեց անցած տարի Սէֆիլյանի եւ Մալխասյանի` պարարվեստի ուսումնարանի դահլիճում ունեցած ելույթների տեսագրությունը: Պարզվեց, որ գործում խեղաթյուրվել է Վարդան Մալխասյանի հայտարարությունը. նա իրականում (եւ ըստ ձայնագրությունների) ասել է` «Սրանց դեմ իրենց զենքով պետք է պայքարենք», մինչդեռ սղագրվել է` «Սրանց դեմ զենքով պետք է պայքարենք»:

Դատական հաջորդ նիստը կկայանա հուլիսի 13-ին:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG