Մատչելիության հղումներ

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության պետի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը, ի պատասխանը «Ազատություն» ռադիոկայանի հարցի, մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղում նախագահական ընտրությունները դատապարտող ՎՈՒԱՄ-ի հայտարարությունը:

«Նախ ասեմ, որ ավելի լավ կլիներ, որ այդ երկրները չմեկնաբանեին իրենց չվերաբերող հարցերը: Անկախության հռչակումից հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդն ընտրել է ժողովրդավարության զարգացման, իրավական պետության կառուցման ուղին եւ անցած տարիների ընթացքում նշանակալի հաջողություններ է արձանագրել այդ ճանապարհին», - ասել է Կարապետյանը: - «Ցավում եմ, որ այդ երկրները ներքին շահադիտական նկատառումներով են մեկնաբանություններ անում, մոռանալով, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իշխանությունը մշտապես ձեւավորվել է ընտրությունների ճանապարհով: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրականացված ժողովրդավարացման գործընթացները, այդ թվում առաջիկա նախագահական ընտրություններն իրենց նպաստն են բերում իրավական, քաղաքացիական ինստիտուտների կայացմանն ու զարգացմանը, ինչը կարեւոր նախադրյալ է ու անհրաժեշտ գործոն հակամարտության խաղաղ կարգավորման համար»:

ՎՈւԱՄ-ի (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան եւ Մոլդովա) նախարարների կոմիտեն դատապարտել է հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղում անցկացվելիք նախագահական ընտրությունները` հայտարարելով, թե դրանք պետք է «ապօրինի» համարվեն եւ չեն կարող որեւէ օրինական ուժ ունենալ:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG