Մատչելիության հղումներ

Ստեփան Սաֆարյան. «Ապագա նախագահական ընտրությունների ամենալուրջ փորձաքարը կլինի պարոն Հովհաննիսյանի թեկնածությունը»


«Ժառանգություն» կուսակցության նախագահ, նորանկախ Հայաստանի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի առաջադրումը 2008 թվականի նախագահական ընտրություններում, ինչպես այսօր լրագրողներին հետ հանդիպմանը ասաց կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղարը, կլինի ապագա նախագահական ընտրությունների ամենալուրջ փորձաքարը:

«Անկախ նրանից, թե ինչպիսի զարգացումներ կլինեն` ընդդիմությունը հանդես կգա միասնական թեկնածուով, թե «Ժառանգություն»-ը առանձին կգնա [նախագահական ընտրությունների], ես կարծում եմ, որ, եթե լինի այդ հեռանկարը, ապագա նախագահական ընտրությունների ամենալուրջ փորձաքարը` մասնակցության եւ այլընտրանքի ապահովման տեսանկյունից, կլինի պարոն Հովհաննիսյանի թեկնածությունը», - լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ազգային ժողովում «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացել է 2001 թվականին, իսկ նախագահի թեկնածու առաջադրվելու համար անհրաժեշտ է 10 տարվա քաղաքացիություն: Այս դիտարկմանը Սաֆարյանը հակադարձեց. - «Նման կարգի հրամանագրերից վեր կան Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրեր, կա Հայաստանի Հանրապետության սահմանադրություն, որտեղ Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքացիության խնդիր չունի»:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավորներից մասնագիտությամբ իրավաբան Զարուհի Փոստանջյանը հավելեց. - «Եթե պարոն Հովհաննիսյանը Հայաստանի քաղաքացի չլիներ, չէր կարող բարձրացնել ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության դրոշը [1992 թվականին], չէր կարող ստորագրել միջպետական պայմանագրեր [որպես Հայաստանի արտգործնախարար 1991-1992 թվականներին]: Այսինքն այդ հարցը մենք համարում ենք լուծված... նա [Րաֆֆի Հովհաննիսյանը] Հայաստանի Հանրապետության քաղաքացի է»:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG