Մատչելիության հղումներ

Լիբիայի գերագույն դատարանը անփոփոխ թողեց վեց բուժաշխատողների մահվան դատավճիռը


Լիբիայի գերագույն դատարանը այսօր անփոփոխ է թողել բուլղարացի հինգ բուժքույրերի եւ պաղեստինցի բժշկի նկատմամբ դատավճիռը, որով նրանք մահվան են դատապարտվել հարյուրավոր երեխաների ՄԻԱՎ-ով վարակելու համար:

Բուլղարացի բուժքույրերը եւ պաղեստինցի բժիշկը լիբիական Բենգազի քաղաքի հիվանդանոցում սկսել են աշխատել 1998 թվականին: Հաջորդ տարի նրանք կալանվել են` ավելի քան 400 երեխաների ՄԻԱՎ-ով վարակելու մեղադրանքով: Վարակված երեխաներից 50-ը մահացել են:

Ըստ մեղադրող կողմի, բուժծառայողները երեխաներին վարակել են միտումնավոր, երբ ՄԻԱՎ-ի բուժումը գտնելու նպատակով փորձեր են կատարել: Պաշտպանական կողմը, սակայն, պնդում է, որ երեխաները վարակվել են հիվանդանոցի հակահիգիենիկ պայմանների պատճառով:

Բուժծառայողները դատարանում հայտարարել են, թե իրենցից խոստովանական ցուցմունքներ են կորզվել խոշտանգումների միջոցով, իսկ բուժքույրերից ոմանք հայտնել են նաեւ, որ իրենց բռնաբարել են:

Բուլղարացի բուժքույրերը եւ պաղեստինցի բժիշկը մահվան էին դատապարտվել դեռ 2004 թվականին, սակայն միջազգային ճնշման տակ գերագույն դատարանի որոշմամբ նոր դատաքննություն էր նշանակվել, որը ավարտվել էր անցած տարվա դեկտեմբերին` նույն դատավճռով:

Դատավճիռն անփոփոխ թողեց նաեւ գերագույն դատարանը, սակայն, «Ասոշիեյթեդ փրես»-ի վկայությամբ, այն դեռ կարող է բեկանել երկրի արդարադատության գերագույն խորհուրդը, որը գլխավորում է արդարադատության նախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG