Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքին անդրադառնալով` «Հայոց Աշխարհ» թերթի վերլուծաբանը գնահատել է. - «Վերջին ժամանակներս իրար հետեւից եվրոպական հեղինակավոր կառույցների ներկայացուցիչների կողմից ասպարեզ են նետվում այնպիսի տարօրինակ հայտարարություններ, որոնք սկզբունքորեն հակասում են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ջանքերով բանակցությունների սեղանին դրված միջանկյալ համաձայնագրի բովանդակությանը: Եթե բանակցությունները դեռ չավարտված Թերի Դեւիսը կամ Գորան Լենմարկերը իրենց անվերապահ աջակցությունն են հայտնում, այսպես կոչված՝ «Ադրբեջանի տարածքային ամբողջականության» սկզբունքին եւ նախապես անօրինական հայտարարում Լեռնային Ղարաբաղում տեղի ունենալիք նախագահական ընտրությունների արդյունքները, ապա մի՞թե զարմանալի է, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի գծով նրանց գործընկերներին չի հաջողվում վճռական բեկում առաջ բերել Ղարաբաղյան բանակցային գործընթացում։ Ի վերջո, եթե հնչում են շարունակվող բանակցությունների արդյունքները կանխորոշող հայտարարություններ, ապա հասկանալի է, որ Ադրբեջանը չի ցանկանա դիմել իրենից ակնկալվող փոխզիջումների»։

«Անլուրջ» ու «անբարոյական» որակելով նախկին իշխանությունների հասցեին «Ղարաբաղը ծախելու վերաբերյալ» իշխանական քարոզչամեքենայի հնչեցրած մեղադրանքը` «Առավոտ»-ի գլխավոր խմբագիրը այսօր հակադարձել է. - «Այդ այսօրվա իշխանություններն են, որ թուլացրել են, վտանգել են Ղարաբաղը հենց նրանով, որ չեն կարողացել, չեն ցանկացել հաստատել կայուն խաղաղություն»։ «Եթե նրանք հիմա հայտարարում են, որ իրենց հմուտ ու խորամանկ դիվանագիտության շնորհիվ պահպանել են status quoն, ապա դա պարզապես պատրանք է», - գնահատել է գլխավոր խմբագիրն ու հիմնավորել. - «Status quo-ն կպահպանվեր, եթե Հայաստանի եւ Ադրբեջանի ռազմական բյուջեները կամ երկու երկրների տնտեսության մեջ ներդրումները լինեին հավասար, կամ եթե միջազգային նշանակության կոմունիկացիաներն անցնեին թե՛ Հայաստանով, թե՛ Ադրբեջանով»։

«Ժամանակ-Երեւան» թերթի խմբագիրը, անդրադառնալով ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի դիտարկմանը, թե «Ազատություն» ռադիոկայանի հաղորդումների հեռարձակումը Հանրային ռադիոյի եթերով «վիրավորում է իր ազգային արժանապատվությունը», հարցրել է. - «Իսկ ի՞նչ է կատարվում ընկեր Հրանտի ազգային արժանապատվության հետ, երբ իր երկրի արտգործնախարարը կամ ֆինանսների նախարարը գլուխկոնծի են տալիս ամերիկյան «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի նախագահ Ջոն Դանիլովիչի ոտքերի տակ, որպեսզի նրա կառավարությունը 235 միլիոն դոլարի օգնություն տա Հայաստանում գյուղական ճանապարհներն ու ոռոգման ցանցը վերականգնելու համար։ Տեսնես ինչո՞ւ Հրանտ Մարգարյանը, ազգային արժանապատվությունից ելնելով, կոչ չի անում հրաժարվել այդ օգնությունից։ Կամ ինչո՞ւ ընկեր Հրանտի արժանապատվությունը չի վիրավորվում, երբ նույն դաշնակցական կառույցներն ամեն տարի վայնասուն են բարձրացնում՝ պարզելով, որ ԱՄՆ-ի կոնգրեսը հերթական անգամ կրճատել է Հայաստանին տրամադրվող տարեկան օգնության չափը... Իհարկե, այս դեպքերի համար ընկեր Հրանտի ազգային արժանապատվության դրսեւորած բարձր իմունիտետը շատ պարզ բացատրություն ունի. այդ վարկերի ու դրամաշնորհների մի հսկայական մասը հոսում է այն իշխանության եւ կուսակցության գրպանը, որի ներկայացուցիչն ինքն է, եւ հենց այդ վարկերի ու դրամաշնորհների հաշվին է, որ ընկեր Հրանտը խանդավառված հայտարարում է, թե «ՀՅԴ-ն այսօր Հայաստանում ինքնաֆինանսավորվող է, ինքնաբավարարվող է»։

«Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Ըստ Գյումրիում շրջանառվող լուրերի, նախօրեին Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հանդիպում է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ: Գյումրեցիները համոզված են, որ այդ հանդիպումից հետո է Ղուկասյանն իրավապահ մարմիններին հանձնել իր եղբորորդուն` Գյումրիի ավագանու անդամ Կոլյա Ղուկասյանին, որը Վարդան Ղուկասյանի որդու հետ Գյումրիի կենտրոնում տեղի ունեցած հայտնի փոխհրաձգության մասնակիցներից մեկն էր եւ գտնվել է Ղուկասյանների ընտանիքին պատկանող այն «Համմեր»-ի մեջ, որով Գյումրիի քաղաքապետի որդին մասնակցել էր փոխհրաձգությանը»:

«Ժամանակ Երեւան»-ի փոխանցմամբ, Թալինն ընդգրկող թիվ 15 ընտրատարածքում նշանակված նոր ընտրությունները եւ ընտրապայքարը խոստանում են թեժ լինել: «Այստեղ առաջադրված չորս հիմնական թեկնածուներն են Թալինի քաղաքապետ Մնացական Մնացականյանը, թռչնաբուծարանի տնօրեն Խաչիկ Մանուկյանը, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը եւ դաշնակցական Գուրգեն Շահինյանը: Չորսն էլ լուրջ աշխատանք են տանում եւ ընտրապայքարի մեջ են մտել հաղթելու նպատակով», - գրում է թերթը` հավելելով. - «Սակայն եթե ոմանք պատրաստվում են հաղթել սեփական վարկանիշի հաշվին, ապա մյուսների հույսը ավանդական ընտրակաշառքն ու ընտրախախտումներն են»: Այսպես, ըստ «Ժամանակ Երեւան»-ի, թռչնաբուծարանի տնօրեն Խաչիկ Մանուկյանն արդեն սկսել է ձու բաժանել, իսկ ՀՅԴ-ական, թվով հինգ քարհանքի տնօրեն Գուրգեն Շահինյանն իր ընտրողներին քար է բաժանում: «Առայժմ հայտնի չէ, թե ընտրակաշառքի որ ձեւերն են թալինցիներն ավելի բարձր գնահատում` ձո՞ւն, թե՞ քարը», - գրում է թերթը` ամփոփելով. - «Այդ մասին կիմանանք քվեները հաշվելու ժամանակ` օգոստոսի 27-ին»:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG