Մատչելիության հղումներ

Գաբալայի վերաբերյալ առաջարկը այլընտրանք չէ ԱՄՆ-ի ծրագրերին


Ադրբեջանի Գաբալայի ռադիոլոկացիոն կայանը համատեղ օգտագործելու վերաբերյալ Ռուսաստանի առաջարկը այլընտրանք չէ Լեհաստանում եւ Չեխիայում հակահրթիռային պաշտպանության համակարգ տեղակայելու` Միացյալ Նահանգների ծրագրերին: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի քաղաքական եւ ռազմական գործերով օգնականի պաշտոնակատար Սթիվեն Մալը:

«Մեզ համար անընդունելի է, որ Գաբալան այլընտրանք դառնա այն ծրագրերին, որոնց մենք հետամուտ ենք մեր չեխ եւ լեհ դաշնակիցների հետ միասին», - ասել է Մալը երեկ Վաշինգտոնում` անվտանգության հարցերով ԱՄՆ - Ադրբեջան խորհրդակցություններին հաջորդած համատեղ ասուլիսի ժամանակ: - «Մենք կարծում ենք, որ այդ համակարգերի տեղադրումը անհրաժեշտ է Եվրոպայում մեր շահերի անվտանգության համար»:

«Այդ երկու երկրներն էլ համաձայն են, ամբողջ ՆԱՏՕ-ն համաձայն է», - «Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ` ընդգծել է ամերիկացի դիվանագետը եւ հավելել. - «Հետեւաբար, մենք չենք կարծում, թե Գաբալայի վերաբերյալ առաջարկը փոխարինում է դրան: Մենք շարունակում ենք հետամուտ լինել այդ վայրերում համակարգի տեղադրմանը»:

«Ասոշիեյթեդ փրես» գործակալության վկայությամբ, Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը, իր հերթին, ասել է, թե Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգներն են որոշելու Գաբալայի կայանի օգտագործման հարցը:

Նշելով, որ Ադրբեջանը չի միջամտի այդ խնդրով պաշտոնական Վաշինգտոնի եւ Մոսկվայի բանակցություններին, Ազիմովը ընդգծել է. - «Եթե կայանը եւ այն օգտագործելու առաջարկը ընդունելի համարվեն, Ադրբեջանին, հավանաբար, կհետաքրքրեն [Գաբալայի հարցով] խորհրդակցությունները եւ զրույցը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG