Մատչելիության հղումներ

logo-print

Թուրքիան Իրաքի հետ սահմանին շուրջ 140-հազարանոց զորք է կուտակել


Շուրջ 140 հազար թուրք զինծառայողներ ներկայումս գտնվում են Իրաքի սահմանի մոտ: Այդ մասին երեկ երեկոյան հայտնել է Իրաքի արտաքին գործերի նախարար Հոշիար Զեբարին:

«Թուրքիան զորք է հասցնում սահման, այնտեղ կա 140 հազար զինվոր: Մենք դեմ ենք ռազմական որեւէ միջամտության կամ Իրաքի ինքնիշխանության խախտման փորձերին», - Բաղդադում ասել է Զեբարին:

Թուրքական բանակը չի մեկնաբանում զորքերը Իրաքի սահմանի մոտ կուտակելու մասին հաղորդագրությունները:

«Ասոշիեյթեդ փրես» լրատվական գործակալությունը նշում է, որ Իրաքի տարածքում ամերիկյան զորքերի թվաքանակը կազմում է 155 հազար: Այսինքն, եթե թուրքերը մտնեն Իրաք, նրանց զորքը քանակով գրեթե չի զիջի ամերիկյանին:

Անկարայում բարձրաստիճան թուրք զինվորականները կառավարությանը կոչ են անում թույլ տալ ներխուժել Իրաքի հյուսիսային տարածք եւ այնտեղ մարտական գործողություններ անցկացնել Քրդական աշխատավորական կուսակցության զինված ջոկատների դեմ:

Անկարայում քանիցս ակնարկել են, որ եթե ամերիկացիները չկարողանան ոչնչացնել քրդական ջոկատները, այդ խնդիրը կիրականացնի Թուրքիայի բանակը:

Անցած շաբաթավերջին Թուրքիայի արտգործնախարար Աբդուլա Գյուլը հաստատել է, որ ռազմական գործողության մանրամասն ծրագիրը արդեն պատրաստ է:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG