Մատչելիության հղումներ

Թոնի Բլեյրը` Միացյալ Թագավորության «ամենաթանկ» նախկին վարչապետ


Թոնի Բլեյրը, ով հունիսի վերջին Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնին հրաժեշտ տալուց հետո նշանակվեց միջինարեւելյան կարգավորման հարցով հատուկ բանագնաց, դարձել է Միացյալ Թագավորության «ամենաթանկ» նախկին վարչապետը: Բրիտանական «Դեյլի Թելեգրաֆ»-ի վկայությամբ, Բլեյրի անվտանգությունն ապահովելու համար տարեկան ծախսվելու է շուրջ 3 միլիոն ֆունտ ստեռլինգ:

Նախկին վարչապետի, նրա կնոջ եւ երեխաների անվտանգությունն ապահովող թիկնազորում կընդգրկվեն Սքոթլանդ Յարդի հատուկ ծառայության ներկայացուցիչները, բացի այդ, Բլեյրի ծառայողական մեքենան կվարեն մասնագիտացված վարորդներ, որոնք կարող են արագ կողմնորոշվել` համարժեք քայլեր ձեռնարկելով ահաբեկչական գործողությունների դեպքում կամ ուղեւորի կյանքին սպառնացող այլ իրավիճակներում:

Բլեյրին կտրամադրվի զրահապատ մեքենա, խիստ հսկողություն կսահմանվի նաեւ նրա առանձնատան մոտ:

Անվտանգության ծախսերի առումով Թոնի Բլեյրը գերազանցել է նույնիսկ իր նախորդին` Մարգարեթ Թեթչերին, ինչը բրիտանական լրատվամիջոցները բացատրում են նրանով, որ նա չորս երեխա ունի, եւ թիկնազորը պետք է հսկի նրանցից յուրաքանչյուրին, բացի այդ` նոր պաշտոնում Բլեյրը պետք է մշտապես լինի արտասահմանյան ուղեւորությունների մեջ, եւ նրա կյանքը ամեն պահի կարող է վտանգվել:

Թոնի Բլեյրի գործունեությունը մտնում է նաեւ անգլիական գրականություն: Նրա նախկին խորհրդական Ալեսթեր Քեմփբելը իր օրագրերում տեղ գտած հուշերի հիման վրա հրատարակել է գիրք` «Բլեյրի տարիները», որում ներառված են Բլեյրի տասնամյա պաշտոնավարման ինչպես հայտնի, այնպես էլ` մինչ օրս անհայտ էջերը:

Թոնի Բլեյրի նոր մանդատը ենթադրում է Միջին Արեւելքի հակամարտությունների կարգավորում եւ այդ երկրների հետ միջազգային համագործակցության կազմակերպում:

Նոր պաշտոնում նրա աշխատանքի պաշտոնական մեկնարկը կտրվի արդեն այսօր, երբ Լոնդոնում կայանալիք խորհրդաժողովի շրջանակներում Բլեյրի հետ կհանդիպեն միջինարեւելյան կարգավորման հարցով քառյակը` Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Եվրամիությունը եւ ՄԱԿ-ը ներկայացնող դիվանագետները:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG