Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«168 ժամ»-ը «Ալիբի է ստեղծում» խորագրի ներքո փոխանցում է «Ռոյթերզ» գործակալությանը Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանի տված հարցազրույցից մի հատված, ըստ որի, «Հայաստան ուղարկվող տրանսֆերտների աճն առաջիկա 5 տարիների ընթացքում կկազմի տարեկան 30-35%` արդեն 2007 թվականի վերջին հասնելով 1.35 մլրդ դոլարի»: «Ու թեեւ նա հրաժարվել է դրամի հետագա արժեւորման վերաբերյալ կանխատեսումներ անելուց, այնուամենայնիվ, հասկանալի է, որ առաջիկա 5 տարիների ընթացքում մեկ դոլարը կարող է արժենալ 200 դրամից էլ պակաս … տրասնֆերտների պատճառով», - բխեցնում է թերթը:

«Հայք»-ի` Հանրապետական կուսակցության աղբյուրները փոխանցել են, թե «Սերժ Սարգսյանը իր ենթականերին հանձնարարել է աշխատել «քափ ու քրտինքի մեջ ու մոռանալ արձակուրդների մասին». - «Վարչապետը ցանկանում է օգտագործել ամռան ամիսները, քանի որ մի շարք նկատառումներ ունի. ա. Սարգսյանին բավական քիչ ժամանակ է մնացել իր վարկանիշը փոքր-ինչ ավելացնելու եւ հայ ընտրողի աչքին որպես բարեփոխիչ ու աշխատասեր ղեկավար երեւալու համար, բ. դրանով, Սերժ Սարգսյանը նպատակ ունի մնացած իշխանական թեկնածուներին զրկել առաջադրվելու հնարավորությունից, որոնցից յուրաքանչյուրն իբր կհասկանա, թե աշխատունակությամբ եւ վարկանիշով չի կարող մրցել վարչապետի հետ եւ ստիպված կլինի հանձնվել եւ չառաջադրվել, գ. որքան էլ կարճ է ժամանակը, Սարգսյանը հիանալի հասկանում է, որ այս փոքր ժամանակահատվածում ընդդիմադիր համեմատաբար լուրջ ուժերը կհասցնեն միավորել իրենց ուժերը եւ իշխանության վարկաբեկված թեկնածուի դեմ պայքարել միասնական թեկնածուով»։ Թերթի տեղեկություններով, կառավարությունը մտադիր է առաջիկայում Ազգային ժողով ներկայացնել եւս մի քանի օրինագիծ, որոնք ուղղված են լինելու «ընդդիմության եւ ընդդիմադիր մամուլի դեմ». - «Դրանով թե՛ հարված կհասցնի ընդդիմությանը, թե՛ ցույց կտա, որ Ազգային ժողովն աշխատում է նաեւ ամռան թեժ ամիսներին»։

Անդրադառնալով Ազգային ժողովում «Ազատություն» ռադիոկայանի եթերազրկմանը միտված օրինագծերի տապալման փաստին` «Ժառագություն» կուսակցության քաղաքական քարտուղար, պատգամավոր Վարդան Խաչատրյանը «հայոց Աշխարհ» թերթի հարցազրույցում գնահատել է. - «Կարծում եմ՝ հաղթեց հայ ժողովուրդը։ Մեզ համար լրատվական դաշտի աղճատումն էր անթույլատրելի, քանի որ դա կհանգեցներ հասարակական գիտակցության սնանկացման։ Առանձին հաղթող, կարծում եմ, չկար։ Պարտվողների տարբեր մատնանշումներ կարող են լինել։ Բանն այն է, որ մեր երկիրը, այո՛, այլեւս ամբողջատիրական ռեժիմ չունի, սակայն հաստատվել է ավտորիտար ռեժիմ, եւ անցումային փուլերը մեր երկրում դեռ չեն ավարտվել»։

«Տարեգիր» թերթի մեկնաբանի պնդմամբ` նոր կոալիցիան «ճաքեր տվեց հենց առաջին քաղաքական լուրջ փորձության ընթացքում, երբ կոալիցիոն գործընկերները՝ «Բարգավաճ Հայաստան»-ն ու Դաշնակցությունը խուսափեցին պատասխանատվություն ստանձնել «Ազատություն» ռադիոկայանի փակմանը վերաբերող օրինագծերը քննարկելիս». - «Միամտություն կլիներ ենթադրել, թե «Ազատությունը» ցանկանում են փակել միայն Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը: Դատելով երիտասարդ Արմեն Աշոտյանի՝ ընդդեմ «Ազատության» եւ ընդդիմադիր լրատվամիջոցների դեմ կուտակված ատելության մեծ դոզայից կամ Գալուստ Սահակյանի փիլիսոփայական զեղումներից, հասկանալի է, որ «Ազատությանը» ատում են եւ նրանից վախենում են շատ-շատերը։ Ինչ-որ առումով, Սերժ Սարգսյանն արտահայտում է նոմենկլատուրայի այն ցանկությունները, որոնք ուղղված են ընդդեմ ցանկացած ազատականացման, բացի այն դեպքերից, երբ շահեր ունեն։ Ասենք, ամերիկյան որեւէ կազմակերպությունից դրամաշնորհ են ստանում կամ իրենց քարտուղարուհուն ուղարկում են նորագույն տնտեսագիտություն սովորելու»։

«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ռադիոկայանի հասցեին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հնչեցրած մտքերին ի պատասխան «Առավոտ» թերթը արձագանքել է. - «Լրագրողներս որեւէ մեկի իրավունքները պաշտպանելիս չենք ակնկալում, որ նա հուր-հավիտյան պիտի շնորհակալ լինի մեզ, բայց նաեւ հույս ունենք, որ չենք արժանանա երախտամոռության: Ցավոք, ուղղակի նման մի օրինակ ցույց տվեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն «Ազատության» հանդեպ՝ հայտարարելով, թե ռադիոկայանը պաշտպանում էր բանտարկված դաշնակցականներին, քանի որ ընդամենը դեմ էր Հայաստանի վարչակարգին։ Ուշագրավ է, որ նա այս մասին չէր հայտարարել այնժամ, երբ ընդդիմություն էր եւ ուներ այդ պաշտպանության կարիքը»: «Այն ժամանակ Հրանտ Մարգարյանը նաեւ չէր հայտարարում, թե իրեն վիրավորված է զգում, որ Հայաստանը փողի պատճառով վերահեռարձակում է այլ պետության ռադիոհաղորդումներ», - հեգնանքով գրել է թերթն ու հավելել. - «Ակնհայտ է, որ Հայաստանի իշխանությունն արեց ամեն ինչ, որ խորհրդարանի ձեռքով դադարեցնի «Ազատության» վերահեռարձակումը: Գուցե եւս մի փորձ անեն՝ սեպտեմբերին: Իսկ գուցե եւ չդիմանան մինչեւ աշուն եւ ընտրեն այլ տարբերակ: Ո՛ր տարբերակի ընտրությունն էլ կատարվի՝ մի բան պարզ է՝ Հայաստանում ռեժիմը չի հանդուրժում ազատ խոսք, եւ այդ ռեժիմի մի մասն էլ այսօր ՀՅԴ-ն է»։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG