Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


(շաբաթ, 7-ը հուլիսի)

Արձագանքելով Լեռնային Ղարաբաղի նախագահի ընտրությունների անցկացման վերաբերյալ Եվրախորհրդի պատասխանատուների բացասական գնահատականներին` Ղարաբաղի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Նասիբյանը «Հայոց Աշխարհ» թերթի հարցազրույցում փաստարկել է. - «Եթե մի կողմ դնենք երկակի չափանիշները, սա ժողովրդավարության կարեւորագույն ատրիբուտ համարվող ընտրական ինստիտուտը անտեսելու ակնհայտ դրսեւորում ենք համարում»։ «Ի վերջո, Ղարաբաղը կա, դե ֆակտո կայացած պետություն է։ Հիմա, անկախ նրանից, ճանաչո՞ւմ են այդ պետությունը, թե՞ ոչ, ավելի ճիշտ չէ՞, որ այն ղեկավարվի ընտրովի մարմինների կողմից», - ասել է Նասիբյանն ու հավելել. - «Եթե ժողովրդի կողմից օրինական ձեւով, սահմանադրությանը համապատասխան ընտրված իշխանության լեգիտիմությունը չեն ուզում ճանաչել, այդ դեպքում ո՞ւմ հետ են աշխատելու, ո՞ւմ կողմից նշանակված ներկայացուցիչների հետ են բանակցելու»։

«Չորրորդ իշխանություն» թերթի մեկնաբանը, թվարկելով 2008 թվականին կայանալիք ընտրություններում նախագահի միասնական թեկնածուին ներկայացվող պահանջները, ընդգծել է. - «Ակնհայտորեն, կարեւորագույն խնդիրը լինելու է ղարաբաղյան հարցը, եւ հասկանալի է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի վրա միջազգային ճնշումներն ավելանալու են։ Նոր նախագահը կամ պիտի քաղաքական բավարար կամք ունենա՝ կարգավորման գնալու համար, կամ պիտի ծանրագույն պայմաններում պատերազմ վարելու հմտություն ու պատասխանատվություն ունենա»։ «Խուսանավելու քաղաքականության ռեսուրսները սպառվել են, մեր եւ Ադրբեջանի ուժերի հարաբերակցությունն էլ նույնը չէ, ինչ 1992-1994 թվականներին», - պնդել է մեկնաբանը` հավելելով, թե 2008-2013 թվականներին Հայաստանի տնտեսական պայմանները շատ ծանր են լինելու. - «Արդեն 2009 թվականին Հայաստան մտնող գազը կրկնակի թանկանալու է, եւ նոր նախագահը, ով էլ լինի, ի վիճակի չի լինելու որեւէ կերպ կոմպենսացնել այդ կատաստրոֆիկ թանկացումը։ Սրան ավելացնենք նաեւ այն, որ 2009 թվականից Հայաստանի գյուղատնտեսությունը սկսելու է հարկվել, եւ պատկերն ամբողջական կլինի»։

«Երկու քարի արանքում» վերնագրի տակ «Հայք»-ի վերլուծաբանը փոխանցել է. - «Արդեն մի քանի ամիս է ՀՀ քաղաքացիներին փորձում են հաշտեցնել այն մտքի հետ, թե ՀՀ հաջորդ նախագահը պետք է դառնա Սերժ Սարգսյանը։ Սերժ Սարգսյանին եւ նրա մերձավոր շրջապատին թվում է, թե ամեն ինչ պետք է ընթանա նախապես գծված ծրագրի համաձայն»։ Իրականությունը, սակայն, մեկնաբանի պնդմամբ, բոլորովին այլ է. - «Ռոբերտ Քոչարյանը առայժմ չի շտապում նույնիսկ որեւէ կերպ ակնարկել, թե 2008 թվականին ո՞վ պետք է լինի իշխանության թեկնածուն։ Իհարկե, միջազգային աղմուկից խուսափելու համար նա պատրաստ է հեռանալ նախագահի աթոռից, բայց մտադիր է զբաղեցնել վարչապետի պաշտոնը եւ կառավարության շենքից շարունակել իր գործունեությունը։ Իսկ այս դեպքում Քոչարյանի համար խիստ անցանկալի է, որ նախագահի պաշտոնում լինի մեկը, որը կարող է չենթարկվել իր հրամաններին եւ հրահանգներին»։

«Ազգ»-ի մեկնաբանը, անդրադառնալով քաղաքական դաշտի պահվածքին, հասցեագրել է. - «Ընդդիմության պահելաձեւից այնքան էլ վերջին շրջանում նկատելի չէր, թե նրանց տարբեր միավորներն իսկապես միասնական թեկնածու որոշակիացնելու ցանկություն ունեին: Բացի Վազգեն Մանուկյանից, որը չի մասնակցել խորհրդարանական ընտրություններին, մյուսների թափը վերջին ընտրությունները կոտրեցին, բարդույթավորելով նրանցից շատերին: Ու նախագահական ընտրությունների գնալու համար նրանցից շատերից ամուր կամք է պահանջվելու` անկախ նրանից սեփական, թե ուրիշի թեկնածուով են մասնակցելու»: «Եթե նախագահ դառնա այսօրվա մեծամասնությունը ներկայացնող մարդը, որի անունը գաղտնիք չէ` Սերժ Սարգսյանը, կառավարությունն էլի այդ նույն մեծամասնությունից է կազմելու: Եթե, ասենք, տեղի ունենա անհավանականը՝ ընդդիմությունը միավորվի ու միասնական թեկնածուով հանկարծ հաղթի նախագահական ընտրություններում՝ այսօրվա մեծամասնությունը մնալու է իր տեղում եւ խանգարելու է այդ նախագահին՝ նա փաստորեն իր հրամանագրով չի կարող լուծարել այդ խորհրդարանը», - եզրակացրել է մեկնաբանը:

«Ժամանակ Երեւան»-ի վերլուծաբանի պնդմամբ` «Ո՞վ է երկրում առաջին դեմքը» հարցի շուրջ իշխանության թեւում արդեն տարակարծություններ կան»։ Ըստ նրա, «մի մասը դեռ հավատարիմ ծառայում է Ռոբերտ Քոչարյանին, մյուս մասը հայացքն արդեն ուղղել է Սերժ Սարգսյանին»։ «Իսկ Սերժ Սարգսյանն այս ընթացքում ամեն ինչ անում է՝ իր շուրջը հավաքելու բոլոր նրանց, ովքեր Քոչարյանի շրջապատում են։ Այդ պատճառով, ականատեսների վկայությամբ, Սարգսյանն այսօր իշխանական վերնախավում ներկայանում է որպես հանրապետության թիվ մեկ դեմքը՝ իհարկե այն ժամանակ, երբ մոտակայքում չէ Ռոբերտ Քոչարյանը։ Մասնավորապես՝ Քոչարյանին արդեն լքել են հեռուն նայող որոշ նախարարներ ու հեղինակություններ, որոնք արդեն հանգրվանել են Սերժ Սարգսյանի շվաքում, էլ չենք խոսում պատգամավորների մասին, ովքեր գրեթե անվերապահ ծառայում են Սերժ Սարգսյանին», - գրել է թերթը։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG