Մատչելիության հղումներ

33-ամյա երիտասարդին սպանել են հոր գերեզմանի մոտ


Շաբաթ օրը ժամը 21:00-ի սահմաններում Երեւանում` Սիլիկյան թաղամասի գերեզմանատանը, հրազենից սպանվել են հոր գերեզմանին այցելած Արտավազդ Վարդանյանը, նրա ուղեկիցներ Վարդան Մելիքյանը եւ Գրիգոր Ստեփանյանը:

33-ամյա Արտավազդ Վարդանյանի դիակը հայտնաբերվել է հոր շիրմաքարի մոտ, 30-ամյա Վարդան Մելիքյանինը` գերեզմանի ցանկապատի մոտ, իսկ Գրիգոր Ստեփանյանը մահացել է «Մալաթիա» բուժկենտրոնում, ուր տեղափոխվել էր հրազենային վնասվածքներով:

Համաձայն ոստիկանության օպերատիվ ամփոփագրի, դեպքի վայրում կայանված` Արտավազդ Վարդանյանին պատկանող «Ֆորդ էքսփլորեր» ավտոմեքենայի սրահի ետեւի նստարանին հայտնաբերվել եւ առգրավվել է որսորդական հրացան:

Հարուցվել է քրեական գործ: Քննությունը վարում է Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների դատախազությունը: Այս պահին, ձերբակալվածներ կամ կասկածյալներ չկան:

Արտավազդ Վարդանյանը «Քաղցրիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Աշոտ Վարդանյանի որդին է:

Աշոտ Վարդանյանը սպանվել էր շուրջ մեկ տարի առաջ մայրաքաղաքի Սայաթ-Նովա փողոցի թիվ 37 շենքի մոտ` գլխին եւ կրծքավանդակին արձակված կրակոցներով: Այդ հանցագործությունը, ըստ իրավապահների, բացահայտված է, սակայն կատարողները դեռեւս չեն հայտնաբերվել. կասկածյալը հետախուզման մեջ է:

Սպանությունների այս շղթան, որոշ լուրերի համաձայն, Վարդանյանների ընտանիքի նկատմամբ թշնամանքի դրսեւորում է եւ հաշվեհարդար:


Աստղիկ Բեդեւյան եւ Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG