Մատչելիության հղումներ

Վաշինգտոնում սկսվում են անվտանգության ոլորտում ԱՄՆ - Ադրբեջան խորհրդակցությունները


Այսօր Վաշինգտոնում սկսվում են անվտանգության ոլորտում ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի միջեւ երկօրյա խորհրդակցությունները: Ադրբեջանի պատվիրակությունը` փոխարտգործնախարար Արազ Ազիմովի գլխավորությամբ, երեկ արդեն մեկնել է Միացյալ Նահանգների մայրաքաղաք:

Պատվիրակության կազմում ընդգրկված են ներկայացուցիչներ Ադրբեջանի պաշտպանության, ազգային անվտանգության նախարարություններից, արտակարգ իրավիճակների, մաքսային ծառայություններից, ներքին զորքերից, սահմանապահ զորքերից:

Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայությունից լրատվամիջոցներին հայտնել են, որ խորհրդակցություններում քննարկվելու են տարածաշրջանային իրավիճակը, անվտանգության խնդիրներ, Ադրբեջանի համագործակցությունը միջազգային կազմակերպությունների հետ, Ադրբեջան - ՆԱՏՕ հարաբերությունները, Գաբալայի ռադարային կայանի հետ կապված հարցեր, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդիրը:

Ամերիկյան պատվիրակությունը գլխավորում է պետքարտուղարի ռազմաքաղաքական հարցերով տեղակալ Ջոն Ռուդը: Պատվիրակության կազմում են պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ, ինչպես նաեւ պետքարտուղարի օգնականի տեղակալ, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան:

Ամերիկյան պատվիրակության վերաբերյալ տեղեկություններ է հաղորդել Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանության հանրային կապերի պատասխանատու Ջոնաթան Հենիքը` ավելացնելով. - «Սովորականի պես, բանակցություններում ներառված են երկկողմ հարաբերություններում անվտանգության ոլորտին առնչվող բոլոր հարցերը` ներառյալ ահաբեկչության դեմ պայքարում համագործակցությունը, ռազմական օգնություն, խաղաղության պահպանում, ՆԱՏՕ-ի հետ Ադրբեջանի անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը, ռազմական բարեփոխումները»:

Այս խորհրդակցությունները պետք է տեղի ունենային ապրիլի 23-25-ը, սակայն հետաձգվեցին` ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի զեկույցում Ղարաբաղի մասով կատարված ուղղումների պատճառով:

Մարդու իրավունքների վերաբերյալ Պետդեպարտամենտի տարեկան զեկույցում Ղարաբաղին վերաբերող ձեւակերպման սկզբնական տարբերակում ասված էր, թե «Հայաստանը օկուպացրել է Լեռնային Ղարաբաղն ու հարակից յոթ շրջանները»: Սա առաջ բերեց Հայաստանի դժգոհությունը, եւ մի քանի օր անց ձեւակերպումը փոխվեց: Դրան էլ անմիջապես արձագանքեց Բաքուն` հետաձգելով երկկողմ ռազմաքաղաքական խորհրդակցությունները, ինչին հետեւեց զեկույցում սկզբնական ձեւակերպման վերականգնումը:

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի Եվրոպայի եւ Ասիայի հարցերով գրասենյակի ներկայացուցիչը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել էր. - «Մենք սխալ ենք գործել, որի պատճառով էլ սկսվել է այս ամենը: Էականն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հարցով մեր քաղաքականությունը չի փոխվել. մենք աջակցում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, բայց նաեւ ասել ենք, որ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը կողմերի միջեւ բանակցությունների առարկա է»:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG