Մատչելիության հղումներ

Արտգործնախարարության ներկայացուցիչը մեկնաբանում է Լենմարկերի հայտարարությունը


«Համանախագահները չեն, որ կարող են պատրաստել նման համաձայնագիր: Նրանք ուղղակի որպես միջնորդ օգնում են կողմերին տալ համաձայնություն այն հարցրերի շուրջ, որոնց շուրջ կան տարբերություններ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր ասաց Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության պետի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը` մեկնաբանելով ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գորան Lենմարկերի` նախօրեին արած հայտարարությունը:

«Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները բանակցում են մի փաստաթղթի շուրջ, որի շուրջ բանակցությունների վերջին փուլը տեղի ունեցավ Սանկտ Պետերբուրգում: Հայտնի է, որ որոշ սկզբունքների շուրջ համաձայնություններ ձեռք չբերվեցին: Հետեւաբար, խոսել որ փաստաթուղթը պատրաստ է ստորագրման, ինձ թվում է, չի համապատասխանում իրականությանը: Գորեն Lենմարկերը խորհրդարանական դիվանագիտակության ներկայացուցիչ է եւ, բնականաբար, ավելի ազատ է իր մեկնաբանություններում: Թերեւս դա իր մոտեցումն է», - նշեց Վլադիմիր Կարապետյանը:

«ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը պատրաստել է շրջանակային համաձայնագիր, որում արտացոլված են ղարաբաղյան հակամարտության կողմերին հուզող բոլոր պահերը», - հայտարարել էր Գորան Լենմարկերը երեկ Կիեւում, որտեղ անցկացվում է ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի 16-րդ նստաշրջանը: - «Փաստաթուղթը պատրաստ է երկու երկրների ղեկավարների կողմից ստորագրման, եւ մնում է քաղաքական կամք ցուցաբերել»:

Lեռնային Ղարաբաղի խնդրին երեկ Թբիլիսիում լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է նաեւ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Ռենե վան դեր Լինդենը. - «Ինձ համար մեծ հիասթափություն էր, որ ես, երկու տարվա աշխատանքից հետո իրական առաջընթացի ականատեսը չդարձա: Հակառակը` ես լավատես չէի, լավատես չեմ նաեւ Հայաստանում իմ բանակցություններից հետո, եւ կտեսնեմ, թե ինչ կլինի Ադրբեջանում: Անհրաժեշտ է, որ նրանք կարգավորեն այս խնդիրը` հանուն ողջ տարածաշրջանի, երկրների ապագայի համար»:


Ռուբեն Մելոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG