Մատչելիության հղումներ

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Ռենե վան դեր Լինդենը երեկ Թբիլիսիում լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է նաեւ Հայաստանի Ազգային ժողովում տապալված երկու օրինագծերին, որոնց կիրարկումն, ըստ մեկնաբանների, կարող էր հանգեցնել Հայաստանում «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության հաղորդումների հեռարձակման դադարեցմանը:

ԵԽԽՎ-ի նախագահը «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության թղթակից Նինո Գելաշվիլիին ասել է, որ մամուլի որեւէ սահմանափակում անընդունելի է Եվրոպայի խորհրդի համար:

«Մենք պատրաստելու ենք Հայաստանի մասով մոնիտորինգի զեկույցը, եւ կասկած չկա, որ դրան մաս կկազմեն նաեւ այդ օրինագծերը: Շատ կարեւոր է, որ մենք կարծիք հայտնենք այդ զարգացումների մասին եւ Եվրոպայի խորհրդում մոնիտորինգի հաջորդ զեկույցի քննարկման ընթացքում անդրադառնանք այդ խնդրին», - ասել է Ռենե վան դեր Լինդենը:

Այս շաբաթ ավելի վաղ ԵԽԽՎ-ի նախագահը Երեւանում հանդիպել էր պետության ղեկավարների, ինչպես նաեւ ընդդիմության ներկայացուցիչների հետ: «Ազատություն» ռադիոկայանի հեռարձակումների հնարավոր սահմանափակման կամ խափանման վերաբերյալ մտահոգությունները նա փոխանցել էր Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանին եւ վարչապետ Սերժ Սարգսյանին:

Հայաստանի ղեկավարները արեւմտյան գործիչների հետ հանդիպումներում հավաստիացրել էին, թե օրինագծերը «Ազատություն» ռադիոկայանի աշխատանքը խափանելու նպատակ չեն հետապնդում:

«Պետական տուրքի մասին» եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքներում լրամշակումների օրինագծերի ընդունումը ձախողվել է խորհրդարանի հուլիսի 3-ի նիստում:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG