Մատչելիության հղումներ

Հունգարիայի դատաիրավական համակարգը բավական երկար ժամանակ հայ հասարակության ուշադրության կենտրոնում էր` կապված հայ սպա Գուրգեն Մարգարյանի դաժան սպանության գործի հետ, եւ հանցագործը ստացավ իր արժանի պատիժը: Այդ մասին ասել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը` այսօր ընդունելով աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Հունգարիայի գլխավոր դատախազ Թոմաս Կովաչին:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, Ռոբերտ Քոչարյանը ողջունել է երկու երկրների դատախազության համակարգերի փոխգործակցությունը, ընդգծելով, որ աշխարհում տեղի ունեցող գլոբալիզացիոն գործընթացներին զուգընթաց հանցագործությունները եւս ընդլայնում են իրենց սահմանները, եւ ավելի ու ավելի է կարեւորվում տարբեր երկրների իրավապահ մարմինների համագործակցությունը:

Նախագահը նշել է նաեւ, որ Հայաստանի դատախազության համակարգում ներկայում լուրջ բարեփոխումներ են իրականացվում:

Հայաստանի եւ Հունգարիայի դատախազները տեղեկացրել են, որ այսօր ստորագրել են համագործակցության մասին հուշագիր, որի նախապատրաստական աշխատանքները տեւել են շուրջ 7 տարի:

Ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը, ով 2004 թվականի փետրվարին կացնահարել էր Հայաստանի զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանին, հունգարական դատարանի կողմից անցյալ տարի դատապարտվել է ցմահ ազատազրկման` 30 տարի առանց ներման իրավունքի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG