Մատչելիության հղումներ

Սան Ֆրանցիսկոյում անցկացվում է «ԱրմՏեխ - 2007» խորհրդաժողովը


Հայաստանի արտգործնախարար Վարդան 0սկանյանը երեկ մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ Սան Ֆրանցիսկոյում անցկացվող «ԱրմՏեխ - 2007» եռօրյա խորհրդաժողովին եւ ցուցահանդեսին մասնակցելու համար:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության պետի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը, Վարդան 0սկանյանի ելույթը նախատեսված է հուլիսի 7-ին:

«Հիմնական շեշտադրումները վերաբերում են Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման պայմաններին, սակայն նախարարը կանդրադառնա նաեւ այսօրվա հրատապ քաղաքական հիմնախնդիրներին», - ասաց Կարապետյանը:

Սան Ֆրանցիսկոյում բացված ժողովն այդօրինակ խոշոր եւ ներկայացուցչական առաջին միջոցառումն է:

«Վիասֆեր Ինթերնեյշնլ» ընկերության նախաձեռնած խորհրդաժողովում, որն անցնում է «Սովորել անցյալից, ներդնել ապագայի համար» կարգախոսի ներքո, Հայաստանի պատվիրակությունը գլխավորում է երկրի նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական Վահրամ Ներսիսյանցը: Սան Ֆրանցիսկո են մեկնել Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, Զարգացման գործակալության տնօրեն Վահագն Մովսիսյանը, «Վիասֆեր Տեխնոպարկի» տնօրեն Արամ Վարդանյանը, տասնյակ ընկերությունների ներկայացուցիչներ եւ տեղեկատվական տեխնոլոգիաների գծով մասնագետներ:

Ենթադրվում է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների համահայկական խորհրդաժողովները կգումարվեն երկու տարին մեկ անգամ:

Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցելու նպատակ հետապնդող «ԱրմՏեխ Կոնգրեսի» կենտրոնական գրասենյակը ստեղծել են այդ բնագավառի մասնագետները եւ գործարարները: Գրասենյակը գտնվում է «Սիլիկոնային հովտում», որտեղ գործում են տեղեկատվական տեխնոլոգիաների ասպարեզում ամերիկյան խոշոր ընկերությունների գիտահետազոտական ինստիտուտներն ու արտադրությունները:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG