Մատչելիության հղումներ

logo-print

Միացյալ Թագավորության առողջապահության նախարարի պաշտոնը ստանձնել է հայազգի բժիշկը


Վարչապետ Գորդոն Բրաունի որոշմամբ այս շաբաթվա սկզբից Միացյալ Թագավորության առողջապահության նախարարի պաշտոնը ստանձնել է 47-ամյա Արա Դարզին (Թերզյան), ով Բրիտանիայի ամենահայտնի վիրաբույժներից է:

Բրիտանական կառավարությունում առողջապահական համակարգի ղեկավար է համարվում պետքարտուղարը. այդ պաշտոնը զբաղեցնում է լեյբորիստ Ալան Ջոնսոնը: Նախարարի պաշտոնը համարժեք է այլ երկրների կառավարությունների առաջին փոխնախարարի պաշտոնին:

Դարզին ծնվել է Բաղդադում, մեծացել Իռլանդիայում: 2002 թվականի դեկտեմբերին Էլիզաբեթ երկրորդ թագուհին նրան շնորհել է ասպետական կոչում:

Ըստ BBC-ի, հայազգի բժիշկը հայտնի է հատկապես որպես ոչ ավանդական վիրաբուժության կողմնակից: Բրիտանական աղբյուրների հավաստմամբ, նրան մեծ համբավ են բերել նոր տեխնոլոգիաների կիրառմամբ, առանց մեծ կտրվածքների իրականացված վիրահատությունները:

Դարզիի նշանակումը իրարամերժ մեկնաբանությունների առիթ դարձավ: Ընդդիմադիր պահպանողականները դա համարեցին ժամանակավրեպ, պնդելով, թե նա իր բժշկական պրակտիկայի ընթացքում որոշակի վերապահումներ է ունեցել բոլոր հիվանդների համար բժշկական ծառայությունների հասանելիության հարցում:

Այսպես, մի քանի ամիս առաջ Դարզին հայտարարել էր, թե վիրահատությունների 80 տոկոսը պետք է իրականացվի ըստ հիվանդների բնակության վայրի, իսկ մնացած` ավելի բարդ դեպքերով պետք է զբաղվեն մասնագիտացված կենտրոնները:

Պահպանողականները տարակուսում էին, թե «հիվանդների նկատմամբ նման վերաբերմունք ունեցող մարդն ինչպես է զբաղվելու բժշկական ծառայությունների բարեփոխմամբ»:

Մասնագիտական շրջանակները, սակայն, Դարզիի նշանակումը դրական են ընկալել:

Վիրաբուժության թագավորական քոլեջի նախագահ Բեռնարդ Ռիբեյրոն, անդրադառնալով Դարզիի նշանակմանը, ասել է. - «Ես հիացած եմ, որ գործող վիրաբույժը, ով սիստեմատիկաբար շփվում է հիվանդների հետ, համաձայնել է զբաղեցնել նման բարձր պաշտոն»:

Արա Դարզին որպես առողջապահության նախարար կաշխատի ամեն շաբաթվա երկուշաբթի օրվանից մինչեւ հինգշաբթի ներառյալ` աշխատավարձ ստանալով երեք օրվա համար: Ուրբաթ օրերին Դարզին կշարունակի վիրահատել, սակայն հասարակական հիմունքներով` առանց որեւէ փոխհատուցման:

Ինչ վերաբերում է հայազգի բժշկի անձնական բժշկական պրակտիկային, մասնավորապես, արտասահմանում իրականացվող վիրահատություններին, ապա դրանցից ստացվող ամբողջ հասույթը Դարզին պատրաստվում է փոխանցել Lոնդոնի ամենահեղինակավոր բժշկական հաստատություններից մեկին` Կայսերական քոլեջին: Այս գումարը ամբողջությամբ ծախսվելու է գիտական նոր հետազոտությունների վրա:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG