Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Տարեգիր»-ը «Չգնաք հանրահավաքի» վերնագրի ներքո տեղեկացնում է, որ այսօր Ազատության հրապարակում նախատեսված հանրահավաքը տեղի չի ունենա: «Հանրահավաքի վերաբերյալ ընդդիմադիր կուսակցությունները նախնական պայմանավորվածության էին հանգել «Ազատություն» ռադիոկայանի գործունեությունը խափանելու նպատակով Ազգային ժողով ներկայացված «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագծերի կապակցությամբ: Նախագծերի տապալումից հետո, սակայն, ընդդիմադիր կուսակցությունները որոշել են չանցկացնել հանրահավաք», - գրում է թերթը:

Ազգային ժողովում «Ազատություն» ռադիոկայանի հեռարձակումը վտանգող օրինագծերի տապալման փաստին անդրադառնալով` իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը «Առավոտ»-ի հարցազրույցում զուգահեռել է. - «Մի կողմից՝ իշխանությունը, կարծես թե, ոչ թե նահանջեց հայ հասարակության եւ միջազգային հանրության պահանջների առաջ, որովհետեւ դա այս իշխանության տրամաբանությամբ՝ թուլության նշան է, այլ օրինագիծը տապալվեց անկախ նրա կամքից: Երկու դեպքում էլ ստացվեց, որ ե՛ւ մեր հասարակությունն ու միջազգային հանրությունը բավարարվեցին, ե՛ւ իշխանությունը իրավիճակից «մաքուր» դուրս եկավ: Ամեն դեպքում սա ցույց է տալիս, որ այնպես չէ, ինչպես մտածում է հասարակությունը՝ իշխանությունն ինչ ուզի՝ կանի: Շատ բան կախված է հասարակության ակտիվությունից»:

«Իրավունք» թերթը, իր հերթին, հարցնելով, թե «ինչո՞ւ կոալիցիոն իշխանությունը գործի կես ճանապարհին փոշմանեց՝ վիժեցնելով «Ա1+»-ի նախադեպը երկրորդելու իր իսկ մտադրությունը», պատասխանել է. - «Պատճառը ոչ այնքան Միացյալ Նահանգների կողմից բանեցված քաղաքական պրեսսինգն էր, որքան նույն դիվանագիտական խողովակներով Հայաստանի իշխանություններին հղված «մեսիջները»։ Դրանցում, ըստ թերթի աղբյուրների, «թափանցիկ ակնարկ կա այն մասին, որ եթե Հայաստանը որոշել է հետեւել իր հյուսիսային բարեկամի օրինակին եւ փայտ խրել ժողովրդավարության սայլի անիվների մեջ, ապա պաշտոնական Վաշինգտոնը կհրապարակի բարձրաստիճան այն պաշտոնյաների անունները, ովքեր հիմնավորապես խճճվել են կոռուպցիայի եւ կրիմինալ բիզնեսի սարդոստայնում»։ «Խոսքն ամենից առաջ փողերի լվացման մասին է, որի դասական դրսեւորումներից են զենքի առեւտուրը, նարկոբիզնեսն ու թրաֆիքինգը», - գրել է թերթն ու եզրակացրել. - «Խոստովանենք՝ զորեղ զսպաշապիկ է՝ հայաստանյան իշխանությունների ձեռքերը կապելու համար»։

Նույն թերթի մեկնաբանը, պնդելով, որ Ազգային ժողովում «Ազատություն» ռադիոկայանի հեռարձակումը վտանգող օրինագծերի քվեարկության օրը նախագահական նստավայրը նախագահի հենարանը հանդիսացող ուժերին՝ ՀՅԴ-ին եւ «Բարգավաճ Հայաստան»-ին, հրահանգել էր օրենքի ընդունումը թողնել հանրապետականների վրա, գնահատել է. - «Այսպիսով, եթե օրինագիծն անցներ, ապա դրա ընդունման ողջ պատասխանատվությունը դրվելու էր ՀՀԿ-ի ուսերին ՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով։ Ինքնին հասկանալի է, որ վարչապետ Սերժ Սարգսյանին արդեն երկար ժամանակ անհրաժեշտ կլիներ՝ համոզելու ամերիկյան գործընկերներին իր լոյալության մեջ»։ «Միաժամանակ այդպիսի սցենարի դեպքում Ռոբերտ Քոչարյանը ստանում էր արտաքին աշխարհում իր կշիռը կտրուկ բարձրացնելու հնարավորություն», - ընդգծել է մեկնաբանն ու եզրակացրել. - «Վերոհիշյալը գալիս է մի անգամ եւս հաստատելու, որ Հայաստանում ներիշխանական հակադրությունը հանգուցալուծված չէ, եւ նախագահական թեւն առաջիկայում էլ պատրաստ է, տարբեր նախաձեռնություններ հանդես բերելով, վարչապետին դնել անհարմար վիճակի մեջ՝ թուլացնելով ոչ միայն նրա ներքին հենարանները, այլեւ հարվածել արտաքին աշխարհում ունեցած վարկանիշին ու կապերին։ Այսինքն, հատկապես դրսում ի ցույց դնել, որ Սերժ Սարգսյանը այն գործիչը չէ, ում հետ արժե քննարկել Հայաստանի ապագայի հեռանկարները»։

«Հայք»-ի մեկնաբանը «Սեւ-մութ ամպեր ՀՀԿ-ի գլխին» վերնագրի ներքո պնդել է, թե «Ռոբերտ Քոչարյանը կարծես թե վերջնականապես չի կողմնորոշվել, թե նախագահի պաշտոնում ում է ուզում տեսնել իր իրավահաջորդի դերում»: «Թեեւ Սերժ Սարգսյանն արդեն մի քանի ամիս իրեն երեւակայում է իշխանական դաշտի նախագահի միակ թեկնածու, սակայն շատ հավանական է, որ ինչ-որ պահի խառնվեն իշխանական թեւի բոլոր խաղաքարտերը, ու Ռոբերտ Քոչարյանի թելադրանքով խաղի մեջ մտնեն իշխանության պահեստային թեկնածուները», - գրել է մեկնաբանն ու պնդել, թե «այս տարբերակի օգտին են խոսում նաեւ վերջին շրջանում ծավալված իրադարձությունները». - «Իշխանական թեւեերից մեկը, իսկ ավելի կոնկրետ՝ նախագահական նստավայրը տեւական ժամանակ է՝ հետեւողական դեմարշ է սկսել Սերժ Սարգսյանի դեմ։ Ու խոստովանենք, որ այդ քայլերով նրանց հաջողվում է օր-օրի ավելի նվազեցնել Սարգսյանի՝ առանց այն էլ ցածր վարկանիշը: Սերժ Սարգսյանին հասցված ամենամեծ հարվածը ԱԺ-ի վերջին նստաշրջանն էր, որի օրակարգում դրված էր «Ազատություն» ռադիոկայանի փակմանը միտված օրինագծերի փաթեթը։ «Զարմանալի զուգադիպությամբ քվեարկության օրը նիստից բացակայեցին դաշնակցականների ու ԲՀԿ-ականների մեծ մասը։ Ու արդյունքն էլ եղավ այն, որ ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն դեմ են խոսքի ազատության սահմանափակմանը, ու միայն սեփական թեկնածուով նախագահի աթոռին հավակնող ՀՀԿ-ն ցանկանում է փակել «Ազատություն» ռադիոկայանը»։

«Հայաստանը տնտեսական աղետի շեմին է» վերնագրի տակ «Չորրորդ իշխանություն» թերթի վերլուծաբանը դիտարկել է. - «Դոլարի փոխարժեքը վերջապես հավասարվեց 1994 թվականի օգոստոսի մակարդակին. այն ժամանակ էլ դոլարն արժեր մոտ 340-350 դրամ։ Հիշո՞ւմ եք 1994 թվականի օգոստոսը. պատերազմը նոր-նոր էր ավարտվել, նույնիսկ էներգետիկ ճգնաժամը դեռ չէր հաղթահարվել։ Իսկ գները հիշո՞ւմ եք. միսն արժեր 500-600 դրամ, բենզինի լիտրը 60-80 դրամ, մրգի ու բանջարեղենի գների մասին ընդհանրապես չենք խոսում։ Ուրեմն ինչպե՞ս պատահեց, որ երկրի տնտեսությունը երկնիշ թվերով աճում է, բայց ամեն ինչ թանկացել է առնվազն 3-5 անգամ, ընդ որում՝ թանկացել է դոլարով։ Այդ «ինչպես պատահեց»-ի պատասխանը բոլորը գիտեն. Մրցակցություն չկա, տնտեսություն խեղդվում է մի քանի կլանների ու ահռելի հարկերի ծանրության տակ»։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG