Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի նախագահության թեկնածուի հյուրանոցի մոտ հայ երիտասարդ է ձերբակալվել


Ամերիկյան Այովա նահանգի ոստիկանությունը չորեքշաբթի առավոտյան ձերբակալել է 24-ամյա Դավիթ Զաքարյանին, ով կասկածելի էր թվացել Դեմոկրատական կուսակցությունից Միացյալ Նահանգների նախագահության թեկնածու, սենատոր Բարաք Օբամայի անվտանգությունը հսկող գաղտնի ծառայության աշխատակիցներին:

Միջադեպը տեղի է ունեցել Այովա նահանգի Օթամուա քաղաքի այն հյուրանոցի մոտ, որտեղ գիշերել էր Օբաման: Նախագահության թեկնածուի թիկնապահները մոտեցել են Զաքարյանին, երբ նա գնում-գալիս էր հյուրանոցի առջեւ կայանված իր մեքենայի կողքին: Ըստ ականատեսների, նա հակասական պատասխաններ է տվել գործակալների հարցերին, իսկ շատ չանցած ժամանել են ոստիկանները եւ սկսել ստուգել մեքենան եւ երիտասարդի փաստաթղթերը: Զաքարյանը ձերբակալվել է, քանի որ վարորդական իրավունքի վկայական ցույց չի տվել, իսկ ավելի ուշ մեղադրվել է ապօրինի կերպով մեծ դանակ պահելու համար:

Այնուհանդերձ, Օթամուայի ոստիկանության ներկայացուցիչ Թոմ ՄըքԷնդրյուն հայտարարել է, որ իրենք «հիմքեր չունեն կարծելու, թե երիտասարդը վտանգ էր ներկայացնում», եւ դժվար թե գաղտնի ծառայությունը շարունակի հետամուտ լինել այդ գործին: ՄըքԷնդրյուն հայտնել է, որ Զաքարյանը բանտ է տարվել եւ ազատ կարձակվի մոտ 7 հազար դոլար տուգանք վճարելուց հետո:

Ըստ ոստիկանության ձեռք բերած տվյալների, Զաքարյանը Օհայո նահանգի Ցինցինաթի քաղաքից է, ամենայն հավանականությամբ` Միացյալ Նահանգներ է ժամանել այլ երկրից:

Բարաք Օբաման գաղտնի ծառայությունից թիկնապահներ է վարձել մի քանի ամիս առաջ, երբ անհայտ անձանցից սպառնալիքներ էր ստացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG