Մատչելիության հղումներ

Կիեւում այսօր մեկնարկում է ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանը


ԵԱՀԿ-ի անդամ 56 պետությունների ավելի քան 300 խորհրդարանականներ են ժամանել Կիեւ, որտեղ այսօր մեկնարկում է ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) 16-րդ տարեկան նստաշրջանը: Ինչպես օրերս հայտարարել էր Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը, հայաստանյան պատվիրակությունը Վեհաժողովի ամառային նստաշրջանին մասնակցելու է հին կազմով. Ուկրաինայի մայրաքաղաք են մեկնում խորհրդարանի փոխխոսնակ, դաշնակցական Վահան Հովհաննիսյանը եւ հանրապետական Սամվել Նիկոյանը:

Նստաշրջանում քննարկվելիք հարցերի թվում է ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահ Գորան Lենմարկերի` Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ զեկույցը, որում, մասնավորապես, ասված է. - «Նոր պատերազմի մասին խոսք անգամ լինել չի կարող: Նոր պատերազմը նոր խնդիրներ կստեղծի, կբերի մարդկային զոհերի եւ փախստականների նոր բանակի առաջացման»: Lենմարկերը նաեւ կարծում է, թե ժամանակը աշխատում է ոչ հակամարտության կողմերի օգտին:

Նստաշրջանի մասնակիցները քննարկելու են տարածաշրջանային, ներառյալ` էներգետիկ անվտանգությանը, միգրացիային, կոռուպցիային, ժողովրդավարական զարգացմանը եւ ընտրությունների չափանիշներին առնչվող հարցեր: Ուշադրության կենտրոնում են լինելու մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը, փոքրամասնությունների պաշտպանվածությունը, մամուլի ազատությունը եւ մարդկային թրաֆիքինգը:

Նստաշրջանում ելույթ են ունենալու Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն, ԵԱՀԿ-ի գործող նախագահ Միգել Անխել Մորատինոսը, ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահ Գորան Lենմարկերը:

Չի բացառվում, որ ընտրությունների չափանիշների մասին քննարկումների ընթացքում անդրադարձ կատարվի նաեւ Հայաստանում մայիսի 12-ին կայացած խորհրդարանական ընտրություններին. երկարաժամկետ դիտորդական առաքելության կազմում Հայաստանի խորհրդարանական ընտրությունների ընթացքին հետեւել են ԵԱՀԿ ԽՎ-ի 65 ներկայացուցիչներ:

Մայիսի վերջին Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի հրապարակած առաջին միջանկյալ զեկույցը հարցականի տակ էր դրել մայիսի 12-ի ընտրությունների ազատությունն ու արդարությունը:

Հետընտրական միջանկյալ առաջին զեկույցը զգալիորեն տարբերվում էր ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի նախորդ զեկույցներից, որոնցում ասված էր, թե Հայաստանը «ընդհանուր առմամբ առաջընթաց է գրանցել ընտրությունների կազմակերպման եւ անցկացման հարցում»:


Ռուբեն Մելոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG