Մատչելիության հղումներ

Հայաստանում նշվում է Սահմանադրության օրը


Հայաստանում այսօր նշվում է Սահմանադրության օրը: Տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձներով են հանդես եկել երկրի նախագահը, Ամենայն հայոց կաթողիկոսը, Ազգային ժողովի նախագահը եւ վարչապետը:

«Սահմանադրությունը յուրաքանչյուր պետության համար ունի առանցքային նշանակություն. այն նախանշում է պետության զարգացման ուղին», - ասված է, մասնավորապես, նախագահ Ռոբերտ Քոչարյանի շնորհավորական ուղերձում, որը տրամադրել են նախագահի մամլո գրասենյակից: - «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը ամուր հիմք է մեր երկրում ժողովրդավարության ամրապնդման եւ կայուն զարգացման համար»:

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ երաշխավորված են քաղաքացու եւ մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները: Այն ապահովում է իշխանության ճյուղերի միջեւ լիազորությունների հավասարակշռված բաշխումն ու դրանց արդյունավետ փոխգործակցությունը, տալիս է տեղական ինքնակառավարման ուժեղացման հուսալի երաշխիքներ», - գրում է նախագահն իր ուղերձում` մաղթելով, որպեսզի Հայաստանի Հիմնական օրենքը անշեղորեն ծառայի երկրի կայունությանն ու ժողովրդի բարեկեցությանը։

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում եւ շնորհավորում համայն մեր ժողովրդին, Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին` Սահմանադրության Օրվա առիթով», - ասված է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի ուղերձում: - «Տոնի խորհրդով կարեւորենք սահմանադրական այն հիմնարար արժեքներն ու սկզբունքները, որոնցով վերահաստատվեց մեր անկախ պետականությունը եւ որոնցով առաջնորդվելով` մեր ժողովուրդը իրականություն պիտի դարձնի հզոր ու բարօր Հայրենիքի իր արդար տեսիլքը»:

Խորհրդարանի նախագահ Տիգրան Թորոսյանը, իր ուղերձում նշելով, որ «երկու տարի առաջ բարեփոխված Սահմանադրությունը ամենահեղինակավոր մասնագիտական կառույցների կողմից ճանաչվել է միջազգային չափանիշներին լիարժեքորեն համապատասխանող եւ որակապես նոր հնարավորություններ է ստեղծել ժողովրդավարության խորացման, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության եւ մեր քաղաքացիների արժանապատիվ եւ բարեկեցիկ կյանքի ապահովման համար», մաղթում է սահմանադրական երաշխիքների լիակատար կենսագործում` «ի զորացում մեր երկրի եւ ի բարօրություն մեր ժողովրդի»:

Վարչապետ Սերժ Սարգսյանը, շեշտելով Սահմանադրության նշանակությունը պետության կայացման եւ զարգացման ճանապարհին, իր ուղերձում գրում է. - «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը հայոց անկախ պետականության իրավական, քաղաքական, գաղափարական այն հիմնարար փաստաթուղթն է, որը դարձավ բոլոր տեսակի իրավահարաբերությունների կարգավորման հիմք` կանխորոշելով մեր պետության ընթացքն ու զարգացման ուղին: Համաժողովրդական հանրաքվեի արդյունքում բարեփոխված Սահմանադրությունը եւս, հիմնված լինելով հայոց պետականության հիմնարար սկզբունքների եւ համազգային նպատակների վրա, մեր պետության զարգացմանը եւ ժամանակի նոր պահանջներին համընթաց, նոր խնդիրներ է առաջադրում եւ ավելի մեծ հնարավորություններ ընձեռում մեր համազգային նպատակների իրագործման, ժողովրդավարական արժեքների վրա հիմնված հայոց պետականության կայացման, ամրապնդման ու զարգացման, ժողովրդի ընդհանուր բարեկեցության ապահովման համար»:

Հայաստանի Սահմանադրությունը ընդունվել է 1995 թվականի հուլիսի 5-ին անցկացված համաժողովրդական հանրաքվեով: 2005 թվականի նոյեմբերի 27-ի հանրաքվեով Հիմնական օրենքում փոփոխություններ են կատարվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG