Մատչելիության հղումներ

Ռենե վան դեր Լինդեն. «Քաղբանտարկյալների գոյությունը ընդունելի չէ»


Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Ռենե վան դեր Լինդենը երեկ Ազգային ժողովում ունեցած հանդիպումների ավարտին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ Եվրոպայի խորհուրդը լրջորեն ուսումնասիրելու է Հայաստանում քաղբանտարկյալների առկայության հարցը:

Ի պատասխան հարցին, թե տեղյա՞կ է արդյոք, որ որոշ հայաստանյան քաղաքական ուժերի գնահատմամբ, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, ազատամարտիկներ Ժիրայր Սէֆիլյանը եւ Վարդան Մալխասյանը քաղաքական բանտարկյալներ են, ԵԽԽՎ-ի նախագահը պատասխանեց. - «Պարտադիր պայման է, որ եթե երկիրը իրականացնում է իր [Եվրախորհրդի առջեւ ստանձնած] պարտավորությունները, այդ դեպքում քաղբանտարկյալների գոյությունը ընդունելի չէ: Եվրոպայի խորհուրդը, անշուշտ, կզբաղվի այդ հարցով: Անշուշտ, պետք է լրջորեն ուսումնասիրի այս հարցը»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչպես է գնահատում Հայաստանի քայլերը եվրաինտեգրման ուղղությամբ, նա պատասխանեց. - «Հայաստանը Եվրոպայի խորհրդի լիարժեք անդամ է եւ հանձնառու է կատարել այն պարտավորությունները, որոնք ստանձնել է: Հայաստանը գտնվում է մոնիտորինգի փուլում: Սա շատ օգտակար է հանձնառությունները կատարելու գործընթացում: Սա պատժի տեսակ չէ, այլ աջակցություն»:

Ռենե վան դեր Լինդենին չորեքշաբթի օրը ընդունել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ըստ նախագահի մամլո գրասենյակի հաղորդագրության, հանդիպման ընթացում քննարկվել են եվրոպական կառույցների հետ համագործակցությանն առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարներին:

«Կողմերը խոսել են նաեւ տարածաշրջանային մի շարք խնդիրների, այդ թվում Թուրքիայի` Եվրամիությանն անդամակցության քաղաքականության համատեքստում Հայաստան - Թուրքիա հարաբերությունների բարելավման հնարավորությունների մասին», - ասված է հաղորդագրությունում:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG