Մատչելիության հղումներ

Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Ռենե վան դեր Լինդենը այսօր Ազգային ժողովում ունեցած հանդիպումների ավարտին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ Եվրոպայի խորհուրդը լրջորեն ուսումնասիրելու է Հայաստանում քաղբանտարկյալների առկայության հարցը:

Ի պատասխան հարցին, թե տեղյա՞կ է արդյոք, որ որոշ հայաստանյան քաղաքական ուժերի գնահատմամբ, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, ազատամարտիկներ Ժիրայր Սէֆիլյանը եւ Վարդան Մալխասյանը քաղաքական բանտարկյալներ են, ԵԽԽՎ-ի նախագահը պատասխանեց. - «Պարտադիր պայման է, որ եթե երկիրը իրականացնում է իր [Եվրախորհրդի առջեւ ստանձնած] պարտավորությունները, այդ դեպքում քաղբանտարկյալների գոյությունը ընդունելի չէ: Եվրոպայի խորհուրդը, անշուշտ, կզբաղվի այդ հարցով: Անշուշտ, պետք է լրջորեն ուսումնասիրի այս հարցը»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչպես է գնահատում Հայաստանի քայլերը եվրաինտեգրման ուղղությամբ, նա պատասխանեց. - «Հայաստանը Եվրոպայի խորհրդի լիարժեք անդամ է եւ հանձնառու է կատարել այն պարտավորությունները, որոնք ստանձնել է: Հայաստանը գտնվում է մոնիտորինգի փուլում: Սա շատ օգտակար է հանձնառությունները կատարելու գործընթացում: Սա պատժի տեսակ չէ, այլ աջակցություն»:

Ռենե վան դեր Լինդենին այսօր ընդունել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ըստ նախագահի մամլո գրասենյակի հաղորդագրության, հանդիպման ընթացում քննարկվել են եվրոպական կառույցների հետ համագործակցությանն առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարներին:

«Կողմերը խոսել են նաեւ տարածաշրջանային մի շարք խնդիրների, այդ թվում` Թուրքիայի` Եվրամիությանն անդամակցության քաղաքականության համատեքստում Հայաստան - Թուրքիա հարաբերությունների բարելավման հնարավորությունների մասին», - ասված է հաղորդագրությունում:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG