Մատչելիության հղումներ

Դաշնակցությունը եւ «Արդար Ռուսաստան» կուսակցությունը համագործակցության համաձայնագիր են ստորագրել


Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը եւ «Արդար Ռուսաստան»-ի ղեկավար, Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովը երեքշաբթի օրը Մոսկվայում միջկուսակցական համագործակցության համաձայնագիր են ստորագրել:

Առաջիկայում Դաշնակցությունը եւ «Արդար Ռուսաստան» կուսակցությունները կիրականացնեն օրենսդրական գործունեության փորձի փոխանակում, կուսակցական պատվիրակությունների փոխայցեր։

ԱՊՀ-ի սոցիալիստական եւ սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների տարածքային համախմբում ստեղծելու նպատակով կողմերը նպատակադրվել են այս տարվա աշնանը Մոսկվայում անցկացնել ձախակողմյան կուսակցությունների աշխատանքային խորհրդակցություն։

Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի լրատվական ծառայության փոխանցմամբ, «Ինտերֆաքս» լրատվական գործակալության սրահում համաձայնագրի ստորագրումից հետո կայացել է համատեղ ասուլիս, որին մասնակցել են նաեւ Դաշնակցության բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը եւ Պետդումայում «Արդար Ռուսաստան»-ի խմբակցության նախագահ Ալեքսանդր Բաբակովը:

Միրոնովը վստահություն է հայտնել, որ Դաշնակցության եւ «Արդար Ռուսաստան»-ի գործընկերությունը նպաստելու է նաեւ ԱՊՀ-ի երկրների ձախակողմյան կուսակցությունների միջեւ կապերի ամրապնդմանը։

Տեղեկացնելով, որ վերջերս իրենց կուսակցությունը հայտ է ներկայացրել Սոցինտերնին անդամակցության համար, «Արդար Ռուսաստան»-ի նախագահը թղթակիցների ուշադրությունն է հրավիրել այն փաստին, որ ԱՊՀ-ի երկրների կուսակցություններից Դաշնակցությունը միակն է, որ հեղինակավոր այս միջազգային կառույցում լիարժեք անդամության կարգավիճակ ունի։

Վահան Հովհաննիսյանը վստահեցրել է, որ Դաշնակցությունը կաջակցի «Արդար Ռուսաստան»-ին` հնարավորինս շուտ անդամակցելու Սոցինտերնին։

Նույն օրը մինչ համաձայնագրի ստորագրումը Դաշնակցության պատվիրակությունը հանդիպում էր ունեցել Սերգեյ Միրոնովի հետ, որին մասնակցել էր նաեւ «Արդար Ռուսաստան»-ի խորհրդի անդամ, Ռուսաստանի Դաշնային Ժողովի տնտեսական քաղաքականության եւ սեփականության հարցերով հանձնաժողովի նախագահ Հովհաննես Օհանյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG